06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Մայորը հայհոյել է ու ծեծել զինվորներին. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Թոռնիկ Սադոյանի եւ մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:  Գործի մանրամասները ներկայացնում է “Ժամանակ” օրաթերթը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ:

31-ամյա Թոռնիկ Սադոյանը բարձրագույն զինվորական կրթություն ունի: Զբաղեցրել է զորամասի պարենային ծառայության պետի պաշտոնը, կոչումով՝ մայոր:

Նա մեղավոր է ճանաչվել մի շարք հոդվածներով՝ իր ենթակայության տակ գտնվող զինվորների նկատմամբ բռնություններ գործադրելու համար:

Սադոյանի հետ ամբաստանյալի աթոռին են նաեւ 27-ամյա Արմեն Այդինյանը՝ զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետ, կոչումով՝ կապիտան, 26-ամյա Նարեկ Նալբանդյանը՝ վաշտի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, 26-ամյա Արկադի Սարգսյանը՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, 24-ամյա Վահան Պալյանը՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ, 21-ամյա Երեմ Դավթյանը՝ նախկին ժամկետային զինծառայող եւ 20-ամյա Սուրեն Պետրոսյանը՝ ժամկետային զինծառայող:

Թոռնիկ Սադոյանի կամայականության ու բռնությունների դեմ ընդվզել ու նրա, ապա նրան պաշտպանած Այդինյանի նկատմամբ իրենց հերթին բռնություն են գործադրել մնացած հինգ ամբաստանյալները:

Ըստ մեղադրանքի՝ մայոր Սադոյանը 2013 թվականի հուլիսի 13-ին , ժամը 18-ի սահմաններում զորամասի շտաբի դիմաց ցուցակով ստուգել է կարճատեւ արձակուրդ գնալու եւ հարազատներին տեսակցելու համար մշտական տեղակայման վայր ժամանած անձնակազմի թվաքանակը:

Ստուգման ընթացքում պետ հանդիսացող մայորը հայհոյանքներ է հնչեցրել զինվորների հասցեին:

Սերժանտ Երեմ Դավթյանի կողմից արված դիտողությունն ընդունելու փոխարեն մայոր Թոռնիկ Սադոյանը, ըստ մեղադրանքի, բռնություն է գործադրել սերժանտի նկատմամբ՝ բռունցքով հարվածելով նրա աչքին եւ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:

Դրանից անմիջապես հետո Թոռնիկ Սադոյանը կապիտան Արմեն Այդինյանի հետ՝ “դուետով”, ծեծի է ենթարկել սերժանտ Երեմ Դավթյանին՝ ձեռքերով չորս-հինգ հարված հասցնելով նրա դեմքին ու մարմնի տարբեր մասերին:

Մայոր Սադոյանը զայրացած էր նրանից, որ մի խումբ զինծառայողներ վերադաս հրամանատարությանը զեկույցներ էին ներկայացրել զորամասի պարենային ծառայության կողմից գումարտակ պակաս հաց ուղարկելու մասին:

Սադոյանը զեկույցը գրելու համար հատկապես կասկածել է ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ս.-ին: Վերը հիշատակված օրը, ժամը 18-ն անց 20 րոպեին շարահրապարակում նա ծեծի է ենթարկել այդ զինվորին՝ ձեռքով երկու-երեք հարված հասցնելով նրա գլխին:

Շարահրապարակում շարելով զինվորներին՝ Սադոյանը տվել է «հենում-պառկած դիրք ընդունել» հրամանը եւ գետնից ձգումներ կատարող զինվորների հասցեին տվել է հայհոյանքներ:

Նա մոտեցել է վերոհիշյալ հրամանը կատարող շարքային Դավիթ Ս.-ին, վարժությունը թերի կատարելու համար նրան ենթարկել է ծեծի՝ ոտնաթաթի մասով երկու-երեք հարված հասցնելով զինվորի որովայնին եւ կրունկի մասով՝ թիկունքին:

Շարունակելով իր անօրինական գործողությունները՝ մայոր Սադոյանը մոտեցել է իր նկատմամբ ստորադաս, ժամկետային զինծառայող, սերժանտ Երեմ Դավթյանին, գլխով մեկ անգամ հարվածել է նրա քթին: Մոտեցել է շարքային Կարեն Ս.-ին, հայհոյել է, ծեծել՝ ոտքով հարվածել է նրա թեւատակին, գցել է գետնին, ձեռքերով հարվածել է դեմքին, ոտքերով՝ թիակների ու կողերի շրջաններին:

Ժամը 20-ի սահմաններում մայոր Սադոյանը շարահրապարակում գտնվող նույն անձնակազմին վարժություններ է տվել, կատարման ժամանակ իր մոտ է կանչել կրտսեր սերժանտ Համլետ Գ.-ին, հանձնարարել է իր փոխարեն հաշիվ տալ եւ վարժության չկատարման համար վերջինիս հասցեին հայհոյանք է տվել:
Ժամը 21-ի սահմաններում զորամասի շտաբի պետի տեղակալի աշխատասենյակում գտնվելու ժամանակ մայոր Թոռնիկ Սադոյանը կապիտան Արմեն Այդինյանի հետ՝ խմբով, շարահրապարակում կատարվածի վերաբերյալ պարզաբանման ընթացքում առաջացած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել վաշտի հրամանատար Նարեկ Նալբանդյանին, ավագ լեյտենանտ Արկադի Սարգսյանին, ժամկետային զինծառայող, սերժանտ Երեմ Դավթյանին:

Սուրեն Պետրոսյանը մեղադրվել է խմբի կազմում՝ Արկադի Սարգսյանի, Վահան Պալյանի, Երեմ Դավթյանի հետ խմբով վերոհիշյալ աշխատասենյակում փոխադարձաբար մայոր Թոռնիկ Սադոյանին ծեծի ենթարկելու համար: Զինծառայողները ծեծել են նաեւ Սադոյանի «կողմնակից» կապիտան Արմեն Այդինյանին:

Ընդհանուր իրավասության դատարանում Թոռնիկ Սադոյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ