Դպրոցաշինության ոլորտը մտահոգիչ է
Ազգային ժողովում 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ բյուջեի հիմքում մի քանի կարեւոր դրույթներ կան: Մասնավորապես, Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը պետք է ապահովվի, համայնքներում տարբեր ծրագրեր պետք է իրագործվեն, շինարարության ընթացքի եւ տեւողության վերաբերյալ ժամկետները պետք է պահպանվեն, որպեսզի տարիներ շարունակ երկարատեւ շինարարության օբյեկտները հասցվեն ավարտին եւ այլն
Նախարարի խոսքով՝ նախորդ տարիներին ձեւավորված որոշ կետեր փորձելու են փոփոխել: “Օրինակ՝ շինարարության հարցում, ավարտվածության ցուցանիշը 60 տոկոս եւ ավելի պետք է դառնա: Սա արվում է նրա համար, որ շենքերի շինարարությունը չտեւի ավելին, քան երկու տարի եւ չլինի այնպես, ինչպես եղել է՝ 5-6 տարի”:
Դպրոցաշինության ոլորտում 13 շինարարական օբյեկտների աշխատանքների վերլուծություն է կատարվել, գումարները վերաբաշխվել են, որպեսզի դրանց շինարարությունը ավարտվի ոչ ուշ, քան երկու տարին: Մինչդեռ, նկատեց Նարեկ Սարգսյանը, նախկինում արված հաշվարկների արդյունքում դրանց շինարարությունը կավարտվեր տաս տարվա ընթացքում: Սա, ըստ նախարարի՝ մտահոգիչ է:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ կարեւորեց այդ մոտեցումը, քանի որ դպրոցաշինության ոլորտում իսկապես առկա են խնդիրներ: