ՄԻՊ-ը թույլ չի տալիս մեկուսացնել ջրծաղիկով հիվանդ երեխային
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին հիշեցրեց ՄԻՊ զեկույցի մասին, որտեղ ՄԻՊ-ը ներկայացնում էր, որ ԱՆ-ի հետ աշխատանքները չեն ստացվում: Նախարարը նշեց՝ կան աշխատանքային բնույթի որոշակի անհամաձայնություններ:՛՛Կարծում եմ, որ անհամաձայնությունը նախ բխում է նրանից, թե առարկայական է հարցի բարձրացումը, թե ոչ: Ժամկետանց դեղերի հետ կապված մեկ դրվագը, որը տեղի է ունեցել, դրա բացատրությունը տրվել է, չեմ կարծում, որ այն կարող էր ընդհանուր համակարգային խնդիր դառնալ:
Համակարգում շատ խիստ մոտեցումներ են ժամկետանց դեղերի հետ կապված և ոչ միայն բուժական, այլ նաև դեղատնային ցանցում, և եթե տարաձայնություններ կան, սա իրավական դաշտի տարաձայնություններ են՝ մասնավորապես մեկուսացման հետ կապված խնդիր կա՛՛,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ սովորաբար ջրծաղիկով հիվանդ երեխային մեկուսացնում են մյուսներից, սակայն ըստ ՄԻՊ-ի՝ դա անթույլատրելի է: ՛՛Հոգեբուժարաններում փորձ է արվում ծանոթանալ փաստաթղթերի հետ, իսկ օրենքով սահմանված է, որ այդպիսի թույլատրություն կարող են ունենալ՝ համապատասխան մարմինների, հիվանդի հարազատի և մնացած բոլոր կետերը պահպանելով, թե ուղղակի կարող են գալ և ծանոթանալ այս փաստաթղթերի հետ և նկարահանումներ իրականացնել հոգեբուժարանում այն մարդկանց, որոնք բացարձակ ցանկություն չունեն երևալու որպես հոգեկան հիվանդներ…՛՛,-եզրափակեց նախարարը: