Դեղերի գինը չի բարձրանա. նախարար
՛՛Ես չէի ցանկանա որևէ մեկին որակավորել, այց այդ նույն թասիբով ժողովրդին կուզենայի կոչ անել, որ սա արդեն երկրորդ դեպքն է, որ նման ցինիզմով և դաժանությամբ վերաբերմունքի է արժանանում մի մարդ, որը եկել է բուժօգնություն ցուցաբերելու՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք գյումրեցիների էմոցիոնալ, թե թասիբով լինելով էր պայմանավորված շտապօգնության բժկին ծեծելը:
՛՛Մինչև իրավապահների գնահատականը նաև հասարակական գնահատական պետք է հնչի՝ բժիշկների հանդեպ նման ցինիզմի և դաժանության հետ կապված: Առհասարակ, ինչ վերաբերվում է շտապօգնության աշխատանքին, իր չափորոշիչների մեջ սահմանված ժամկետում մեքենան եղել է տեղում, եթե չեմ սխալվում՝ 5 րոպե հետո՛՛,-նշեց նա:
Նախարարն ասաց, որ այդ բոլոր նյութերը հաշվի են առնելու համապատասխան մարմինները, իրենք ուշիուշով հետևելու են. ՛՛Դաժան ծեծի են ենթարկվել և բժիշկը, և բուժքույրը, և վարորդը՛՛,-շեշտեց Ա. Մուրադյանը:
Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե դեղերի դրոշմապիտկավորման հետ կապված գներն էականորեն կբարձրանան, ապա նա ասաց, որ նման բան չի լինի: ՛՛Մեր հաշվարկները, որն իրականացրել ենք խոշոր ներկրողների հետ համատեղ, վկայում են, որ էական գնի բարձրացում պետք է որ տեղի չունենա՛՛,-նկատեց Ա. Մուրադյանը:
Ըստ նախարարի՝ գործընթացն ունի իր նեղ մասնագիտական վերալուծությունը նախ արտադրողների համար. ՛՛Հայաստանում կան 18 դեղարտադրողներ, որոնցից երկուսն ունեն միջազգային հավատարմագրում, և նրանց որակի մասին կարելի է հպարտորեն խոսել միջազգային շուկայում՛՛: Նախարարը հավելեց՝ գործընթացը պարտադիր է: