ԱԳ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարին
Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների զարգացումը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիների ընթացքում ականատես ենք քաղաքական շփումների ակտիվացման, և վստահ եմ, որ այդ միտումը կլինի շարունակական»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համարч նախարար Լիդինգտոնը նշեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր, ու իր այցելության նպատակը և ուղերձը Հայաստանի հետ համագործակցությանը նոր լիցք հաղորդելն է:
Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։
Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում:
Զրուցակիցները համակարծիք էին, որ հարաբերությունների զարգացման համար կարևոր դեր ունի իրավական դաշտի կատարելագործումն ու ամրապնդումը, ինչպես նաև արդեն ստորագրված մեկ տասնյակից ավելի փաստաթղթերի արդյունավետ կիրառումը:
Նախարարներն ընդծեցին, որ երկկողմ հարաբերությունների զարգացման առումով իր ուրույն տեղն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որը բավականին ակտիվ է:
Էդվարդ Նալբանդյանն ու Դեյվիդ Լիդինգտոնն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերին:
Նախարար Նալբանդյանը Դեյվիդ Լիդինգթոնին հանգամանալից ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Փարիզում մեկ շաբաթ առաջ կայացած գագաթաժողովի արդյունքները: Այս առումով Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարարը նշեց, որ Մեծ Բրիտանիան սատարում է հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող գործընթացը։
Բանակցությունների օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, մասնավորապես, Սիրիայում և Իրաքում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը:
Հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս: