Հաստատվել է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի հետագա աջակցության հայտը
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի (ԳՀ) դրամաշնորհները հաստատող հանձնաժողովի առաջին նիստում ԳՀ Տեխնիկական գնահատող հանձնաժողովի առաջարկով ընդունվել է 2014թ. օգոստոսի 15-ին Հայաստանի կողմից ներկայացված տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրին աջակցության հաջորդ եռամյա դրամաշնորհային նոր հայտը` ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար արժեքով: ՀՀ առողջապահության նախարար, տուբերկուլոզի եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ պայքարի ազգային ծրագրերի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Արմեն Մուրադյանին այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է ԳՀ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Նիկոլա Կանտաուն:
ԳՀ տեխնիկական հանձնաժողովի գնահատմամբ` Հայաստանի կողմից ներկայացված դրամաշնորհային հայտն ամբողջովին համապատասխանում է փաստաթղթի մշակման մասնագիտական պահանջներին, ինչպես նաեւ միանգամայն համահունչ է տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ռազմավարական ուղղություններին եւ առաջնահերթություններին: Դրամաշնորհային միջոցների հատկացման գործընթացում հաշվի է առնվել նաեւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայումս իրականացվող Գլոբալ հիմանդրամի դրամաշնորհային ծրագրերի գերազանց գնահատականները:
Դրամաշնորհային ծրագիրը կիրականացվի 2015թ. հուլիսի 1-ից 2018թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում` ուղղված տուբերկուլոզի եւ դեղակայուն տուբերկուլոզի բոլոր ձեւերի ախտորոշման համատարած մատչելիության ապահովմանը, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի անխափան մատակարարմանը` սոցիալական աջակցության տրամադրման հետ մեկտեղ, բանտարկյալների եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելմանը, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի եւ առողջապահության համակարգի ներուժի հետագա ամրապնդմանը, հանրության եւ իրազեկման արդյունավետ միջոցառումների իրականացմանը, հիվանդին ուղղված` արտահիվանդանոցային բուժման նոր մեթոդների ներդրմանը քաղաքացիական հասարակության եւ համայնքների ակտիվ ներգրավմամբ:
Նշենք, որ ընթացիկ ծրագրում առկա խնայողությունների հաշվին Գլոբալ հիմնադրամի կողմից ծրագիրը 6 ամսով (2015թ. հունվար-հունիս) երկարաձգվել է` մինչեւ նոր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը հիվանդների բուժման, սոցիալական աջակցության եւ ախտորոշման գործընթացների անընդհատության ապահովման նպատակով: