“Բա ինձ բարեւ չկա, արա…”. Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Նվեր Կ.-ի գործով բերված բողոքի քննությունը: Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ: Գործից մանրամասներ է ներկայացնում “Ժամանակ”-ը:
Ե՛վ ամբաստանյալ Նվերը, եւ՛ տուժող Պետրոսը անչափահասներ են:
Հանցագործության՝ դանակով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու պահին Նվերը 14 տարեկան էր՝ 29 օր առաջ էր դարձել 14 տարեկան:
Նա ծնվել է 2000 թվականի հունվարի 1-ին ու դեպքի պահին սովորել է Վանաձորի հիմնական դպրոցներից մեկի 9-րդ դասարանում:
Դեպքից հետո՝ 2014 թվականի հունվարի 29-ից մինչեւ փետրվարի 1-ը անչափահաս Նվերը ձերբակալված է եղել, ապա որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը: Նվերը, ինչպես դատական ակտում է գրված, բնակվում է “մայր ծնողի հետ”:
Ընդհանուր իրավասության դատարանում տասնչորսամյա ամբաստանյալն ընդունել է, որ դանակով հարվածել է տասնվեցամյա Պետրոսին, բայց առաջադրված մեղադրանքում՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, իրեն մեղավոր չի ճանաչել:
Հայտնել է, թե ինքը գործել է ինքնապաշտպանության սահմաններում:
Ըստ Նվերի՝ 2014 թվականի հունվարի 29-ին, ժամը 19-ն անց 20 րոպեի սահմաններում իր ընկերներ Էդիկի ու Հայկազի հետ Վանաձորի Սանկտ-Պետերբուրգի փողոցով գնացել է դեպի “Թթու ջուր”:
Ճանապարհին հանդիպել են եղբայրներ Պետրոսին եւ Խաժակին ու նրանց ընկերոջը:
Միմյանց սկսել են ձեռքով բարեւել:
Սակայն Խաժակը իր բարեւին չի արձագանքել, ձեռքը չի պարզել, ու իր ձեռքը մնացել է օդի մեջ:
Տեսնելով, որ նա իր բարեւը չի առնում, ինքն ասել է. “Բարեւ, արա՛”:
Իրեն պատասխանել է Խաժակի եղբայր Պետրոսը. “Էդ ո՞ւմ ես “արա” ասում”:
Իրենք վիճել են: Պետրոսը, իր համար անսպասելի, աջ ձեռքի բռունցքով հարվածել է իր դեմքին: Իր աչքի հատվածում վնասվածք է առաջացել:
Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ ինքը հազիվ է իրեն պահել, որ վայր չընկնի: Ընկերը մոտեցել է, որ տեսնի՝ իր աչքին ինչ վնաս է եղել:
Այդ ընթացքում Պետրոսն ու Խաժակը մոտեցել ու սկսել են իրեն ծեծել: Իր բաճկոնի գլխանոցը քաշել են գլխին, այդ վիճակում իրեն հարվածներ են հասցրել, որից հետո ինքը ոչինչ չի հիշում:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: