Ես այդ մարդը չեմ, որ պատահական ինչ-որ քայլերի գնամ. Ա. Գրիգորյան
Բնապահպանության նախարարությանը հատկացվող բյուջեի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն անդրադարձավ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի անխնա օգտագործման խնդրին: Նա բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին հարց ուղղելով ասաց, թե վերջին տարիներին անհաշիվ ջրօգտագործման արդյունքում հորիզոնի կտրուկ անկում կա 8 մետրով:
Նախարարը նշեց, որ քաղցրահամ ջրերի վերականգնվող պաշարի հետ կապված որոշակի ճշգրտումներ ունեն և տեղյակ են, որ խմելու ջրի խնդիր կա:
Արամայիս Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ կա ՀՀ նախագահի հստակ հանձնարական, որ կարճ ժամանահատվածում կարողանան հորերի փակման, կոնսերվացման ճանապարհով կանխել աղետը, որպեսզի կարողանան ջրային պաշարներին վերականգնելու հնարավորություն լինի:
՛՛Տարվա կտրվածքով կշարունակենք փակման աշխատանքներն այնքան, որ Արմավիրի շրջանում նույնպես հաջողություններ ունենան: Կարծում եմ՝ կկարողանանք ամբողջությամբ վերահսկել իրավիճակը և հուսով եմ՝ կարճ ժամանակում հաջողություն կունենանք՛՛:
Երբ Խոսրով Հարությունյանը կրկին խոսեց խնդրից, նախարարը նշեց. ՛՛Ես այդ մարդը չեմ, որ պատահական ինչ-որ քայլերի գնամ, դա ինձ համար խղճիս վրա նստած բան է, ու վաղը ես ժողովրդի առաջ պիտի պատվով դուրս գամ ու հավատացեք, որ այս խնդիրը լուծվելու է”: Նա նաև հորդորեց պատգամավորներին հանդես գալ առաջարկություններով, որոնք անպայման կքննարկվեն: