Երիտասարդական ՀԿ-ները կներկայացնեն իրենց աշխատանքը
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 13-14-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կանցկացվի ՛՛Հայացք ապագային՛՛ խորագրով երիտասարդական կազմակերպությունների ցուցահանդես-համաժողովը։
Համաժողովի կազմակերպիչներից Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի ՛՛Հայացք ապագային՛՛ ցուցահանդես-համաժողովին մասնակցել է շուրջ 60 կազմակերպություն. ՛՛Երիտասարդական էքսպոն նախ հնարավորություն ընձեռեց ՀԿ-ներին ծանոթանալ միմյանց հետ, ինչի արդյունքում ձևավորվեցին նոր կապեր։ Բացի այդ, ներկայացված կառույցները կարողացան համեմատել իրենց գործունեության որակը և ձեռք բերած հաջողությունները։ ՀԿ-ների աշխատանքին ու ծրագրերին ծանոթացան նաև գործադիր իշխանության ներկայացուցիչները, ովքեր բավականին տպավորված էին երիտասարդական ՀԿ-ների ոլորտով՛՛։
Հայկ Մամիջանյանը նկատում է, որ ծրագրել են այդ միջոցառումը դարձնել ամենամյա։ Ցուցահանդես-համաժողովը մի հարթակ է, որը հնարավորություն է տալիս ցույց տալ, թե իրականում ով է աշխատում ՀԿ ոլորտում, և ով է զբաղված աշխատանքի մշուշ ստեղծելով։
Ցուցահանդես-համաժողովն այս տարի անցկացվելու է Երևանի պետական համալսարանում։ Հայկ Մամիջանյանը նկատում է, որ ցուցահանդեսի վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով Մայր բուհի կարևորությունը երիտասարդության համար։ Բացի այդ, նկատի ունենալով, որ ՀԿ-ները հնարավորություն կունենան ներգրավել նոր ուսանող-կամավորների՝ ընտրվել է ամենամեծ բուհի տարածքը, որը կապահովի միջոցառման բարձր տեսանելիությունը։ ՛՛Մենք վստահ ենք, որ այս ծրագրի շնորհիվ ԵՊՀ-ում և այլ բուհերում կգտնվեն բազմաթիվ ուսանողներ, որոնք իրենց առաջին քայլերը կանեն կամավորական աշխատանքի և հասարակական աշխատանքի ոլորտներում՛՛,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ցուցահանդեսին հրավիրված են մասնակցելու հայաստանյան և միջազգային հիմնադրամների ներկայացուցիչներ, ում հետ հանդիպումները ՀԿ անդամների համար հետագա ֆոնդհայհայթման հնարավորություն կընձեռի։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112
E-mail: [email protected]
http://heh.am/