Օմբուդսմենի առաջարկով ֆիզկուլտուրայի ինստիտուտում կմշակվեն կրթական ծրագրեր հաշմանդամություն ունեցողների համար
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Կրթության եւ գիտության նախարարին՝ առաջարկելով վերանայել Ֆիզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտ հաշմանդամություն ունեցող անձանց ընդունվելու եւ ուսանելու պահանջները:
Հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցողների ընդունելությունն ինստիտուտ ամբողջովին սահմանափակված է: Պատճառը բուժզննության եզրակացության անհրաժեշտությունը, նաեւ ընդունելության քննության պահանջներն են, օրինակ՝ վազք, եռացատկ, ձգումներ եւ այլն: Արդյունքում, հաշվի չեն առնվում հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները: Մինչդեռ, եւ ներպետական, եւ միջազգային օրենսդրությունը պահանջում է բարձրագույն կրթություն ստանալու հավասար պայմանների ապահովում բոլորի համար:
Ելնելով այն սկզբունքից, որ բարձրագույն կրթությունը համատեղելի է անձի հաշմանդամության հետ՝ Օմբուդսմենի առաջարկով ԿԳ նախարարը հանձնարարել է մշակել քննությունների այնպիսի ծրագիր եւ գնահատման չափանիշներ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց եւս հնարավորության կտան ընդունվել եւ սովորել Ֆիզկուլտուրայի ինստիտուտում:
Կարեւորելով առանց խտրականության բոլորի կրթություն ստանալու իրավունքը, ինչպես նաեւ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սպորտի զարգացման անհրաժեշտությունը՝ Օմբուդսմենը բարձր է գնահատում համագործակցությունը Կրթության եւ գիտության նախարարության հետ ու պատրաստ է վերջինին տրամադրել փորձագիտական աջակցություն, նաեւ ներգրավել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների:
Պաշտպանի աշխատակազմ