Մաքսակետ չի լինելու. Քոչարյան
”Եղել է հետևյալը. Նազարբաևի կողմից բարձրացվում էր այն հարցը, որ հստակեցվի` Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին Ղարաբաղի հետ միասին, թե ոչ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ զիջումների մասին էր խոսում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ՛՛Մենք ընդամենը վերահաստատել ենք մեր դիրքորոշումը, որը ՀՀ-ն ունեցել է անկախությունից ի վեր, որ ԼՂՀ-ն չի կազմում ՀՀ-ի տարածքի մաս: Մենք ընկալում ենք ԼՂՀ-ն որպես դե ֆակտո կայացած պետություն, որի հետ կառուցում ենք մեր հարաբերությունները հորիզոնական՝ դե յուրե չճանաչելով՝ կապված բանակցային գործընթացի հետ՛՛,-բացատրեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ տեղադրելուն, ապա Շ. Քոչարյանն ասաց. ՛՛Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, այդպիսի հարց չկա և պայմանագրում որևէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք դնել, որտեղ մենք կդնենք մաքսակետ, ու դա վերաբերում է բոլոր անդամ-պետություններին, դա մեր սուվերենտ կամքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, ապա դա դիտարկվել է և անդամ-պետությունների և ԵՏՄ հանձնաժողովի կողմից և համարվել է, որ մենք պատրաստ ենք այդ մաքսակետով, որևէ այլ խնդիր այդ ուղղությամբ և որևէ պահանջ գոյություն չունի՛՛: