Ինչ մեքենաներ են ձեռքբերվելու ԱԳՆ-ի համար
՛՛40%-ից ավել աղքատություն ունեցող երկրում մենք գնում ենք ապարատի ծախսերի ավելացմանը, տվյալ դեպքում արտաքին գործերի ապարատի ավելացման հաշվին ի՞նչ տիպի ներկայացուցչական մեքենաներ են ձեռք բերվելու ՀՀ տարածքում, ո՞ւմ համար և ի՞նչ մակնիշի, ի՞նչ արժողությամբ՛՛,-Ազգային ժողովում ԱԳՆ-ի հատկացվող բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
Պավել Սաֆարյանը պատասխանեց. ՛՛Կուզենայի՝ 40% աղքատության ու ԱԳ նախարարության պահպաման ծախսերի մեջ կապ չտեսնել, որովհետև այնպես չէ, որ ԱԳՆ-ի ծախսերը չկատարենք, միանգամից աղքատությունը կկրճատվի: Այդ ծախսերի ավելացումը պայմանավորված է աշխատավարձի բարձրացմամբ, որի հայեցակարգը ԱԺ-ում հավանության է արժանացվել, այլ լրացուցիչ բան չկա, քան ձեր կողմից ընդունվածը: Հետո էլեկտրոէներգիայի սակագներն են բարձրացել, պետք է ավելացվեն չէ՞ գումարները՛՛:
Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա ֆինանսների փոխնախարարը նշեց, թե ձեռք է բերվելու երկու մեքենա. ՛՛Մեկը ծառայողական է, արժե 10 միլիոն, մակնիշը՝ Toyota Corolla, իկս մյուսը՝ միկրոավտոբուս է, արժե 15 միլիոն՛՛:
Վահան Բաբայանն էլ արձագանքեց, թե զարգացած երկրներում բոլոր կառավարությունները գնում են ապարատների ծախսերի կրճատման: Նա նշեց, որ եթե ամեն ոլորտում կրճատվեր ինչ-որ ծախս, ապա սոցիալական ոլորտում ավելի լուրջ առաջընթաց կունենայինք:
՛՛Հանդիպման նպատակն այն է, որ բյուջեն քննարկենք, ընդհանուր լուծումներ գտնենք, ոչ թե դժգոհություններ լսենք: Եթե 40 տոկոսը կրճատելու համար բյուջեում ռեսուրսներ գտնեք, սիրով կկրճատենք՛՛,-եզրափակեց փոխնախարարը: