Որ այդ գումարով նախարարի բարեկամի համար տուն չկառուցվի
Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց դրամաշնորհների ֆինանսավորման մասին.
՛՛Եվրամիության տարբեր պաշտոնյաներ մեզ հետ զրույցներում որոշակի մտահոգություն ունեն՝ թե՛ նպատակային, թե՛ ուղղակի դրամաշնորհների ծախսման արդյունավետության հետ կապված և լրջագույն վերահսկողության խնդիր են դնում հատկապես այն ոլորտներում, որտեղ վերապատրաստում, խորհրդատվություն, դասընթաց և այլն, և այլն…
Լինենք անկեղծ՝ դրանք այն հոդվածներն են, որտեղ ՛՛շատ անսպասելի կերպով փոշիանում են շատ լուրջ գումարներ՛՛,-նշեց Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ վերջերս քննարկումներ է ունեցել Եվրամիության պատգամավորների հետ և տեղեկացրեց, որ վերջիններս առաջարկում են խորհրդարանի հետ քննարկել խորհրդարանի վերահսկողությունը՝ Եվրամիությունից բյուջե եկող գումարների հետ կապված:
՛՛Մենք անկեղծ չենք լինի, եթե չխոստովանենք, որ տարբեր խորհրդատվությունների, դասընթացների, լեկցիաների, թրեյնինգների, լոբբինգների և չգիտեմ՝ ինչերի վրա շատ գումարներ զարտուղի ճանապարհներով մեկ էլ հայտնվում են շատ կասկածելի տեղերում, ես չեմ ուզում դրա անունը գանձագողություն դնել, բայց ամենամեղմ գնահատականներով, այդ գումարների ոչ որոշակի հատվածից, որտեղ վերահսկողությունը դժվար է իրականացնել, փոշիացվում է՛՛,-նկատեց նա:
Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հստակ վերահսկողություն սահմանել այդ ոլորտներում, որպեսզի ՛՛այդ գումարներով մի փողոցում չկառուցվի մի եռահարկ տուն՝ որևէ նախարարի մերձավոր բարեկամի համար՛՛:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն արձագանքեց, որ այդ հարցը մտահոգում է ինչպես ԱԺ-ին, այնպես էլ Կառավարությանն ու հանրությանը: ՛՛Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այդ դասախոսությունների, կրթական ծրագրերի անհրաժեշտությունը, մենք չպետք է ինքնաբավարարված լինենք՝ կարծելով, որ մեր կրթության մակարդակն այնպես է, որ սովորելու որևէ կարիք չունենք, բայց հասկանում եմ հարցի ենթատեքստը՛՛,-ասաց փոխնախարարը, ապա, խոսելով վերահսկողության մասին, տեղեկացրեց, որ այն իրականացնում է ինչպես ՎՊ-ն, այնպես էլ Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը: