25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եռյակը նահանջում է

Մենք երկար ժամանակ չունենք սպասելու. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ծանր է, օրեցօր վատանում է ժողովրդի սոցիալական վիճակը: Պաշտոնական թվերով 32 տոկոս աղքատությունն իրականում ողբերգություն է: Մեզ անհրաժեշտ են արագ և խորքային լուծումներ: Ոչ ոք այլևս չի հավատում դատարկ խոստումներին և հավաստիացումներին: Եթե այս անորոշության և հետընթացի պրոցեսը շարունակվի, մեր երկիրը կդադարի տարածաշրջանում մրցունակ լինել: Կարծում եմ՝ կարիք չկա բացատրել սրա հետևանքները:

Սրանք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսքերն են՝ արտահայտված սեփական կայքին տված հարցազրույցում: Տպավորություն է, որ այս նույն կուսակցությունը որևէ մասնակցություն չի ունեցել երկրի տնտեսության որևէ գործընթացում այն դեպքում, երբ երկար տարիներ հենց նրան է վստահվել երկրի մի շարք գերակա ճյուղերի կառավարումը: Խճճվելով Տեր-Պետրոսյանի կառուցած քաղաքական թակարդում՝ Ծառուկյանը չի գիտակցում, որ ինքն իր թիմին դնում է ծիծաղելի իրավիճակում:

Եվ այսպես, այսօր հետաքրքիր հայտարարություններ հնչեցին ԲՀԿ ճամբարից: Առավոտյան ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ եռյակը գնում է խորհրդարանական ընտրությունների՝ ընթացքում տարաբնույթ գործողություններ ձեռնարկելով և իշխանություններին փոփոխություններ պարտադրելով, իսկ Ծառուկյանը բառացիորեն հայտարարում է. «Ես հետդարձի ճանապարհ չունեմ»: Այսինքն՝ նա ակնարկում է, որ գնալու է մինչև վերջ:

Բոլորս լավ ենք հասկանում, թե հասարակության մի մասի համար այդ վերջը ինչ է նշանակում: Մինչդեռ, անշուշտ, Ծառուկյանը այսօրվանից սկսել է Տեր-Պետրոսյանի հմուտ թակարդից դուրս գալուն ուղղված անթաքույց քայլեր անել: Իր կայքի էջերից միտինգային բովանդակության ոչինչ չասող ճառից բացի՝ ԲՀԿ ղեկավարը այլ ասելիք չուներ:

Ծառուկյանը պարզապես փորձեց մեղմել Մելքումյանի հայտարարությունների հնարավոր ռեզոնանսը: Ակնհայտ է, որ Մելքումյանը հենց իր հրահանգով էր հասկացրել իշխանություններին, որ ԲՀԿ-ի և եռյակի թիրախը հերթական խորհրդարանական ընտրություններն են:

Միասնական շտաբի գաղափարը հերթական մանյովրն է Եռյակի կողմից: Ժամանակին նրանք հասարակությանը մոլորեցրեցին 12 կետերի շուրջ անիմաստ աղմուկով, այնուհետև, անգամ այդ կետերի պատասխանները չկարդացած, անցան սահմանադրական փոփոխություններին, իսկ քանի որ իշխանությունները այդ փոփոխությունները առկախելու ցանկություն են դրսևորել՝ նոր ալիբի են հորինել՝ միասնական շտաբներ, որոնց ստեղծումը կարող է տարիներ տևել: Հենց դա էլ ակնարկում էր Մելքումյանը:

Սա ոչ այլ ինչ է, քան նահանջ երգով…

Արթուր Սարգսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ