Դատախազը չմեկնաբանեց Աղվան Հովսեփյանի տեսակետը
Կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հորդորեց Շանթ Հարությունյանի դատավճռի մեջ քաղաքական ենթատեքստ չփնտրել: “Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ, ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետեւ քրեական հետապնդման հարուցման եւ քրեական հետապնդման գործընթացում որեւէ քաղաքական գործոն կամ որեւէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել:
Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված եւ բոլոր տեսագրությունները ապացույցներով հագեցած են: Եթե այդ ամենն օբյեկտիվորեն համադրեք, Դուք ինքներդ կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել”,- ասաց նա:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ըստ Աղվան Հովսեփյանի, Մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են, չե՞ք կարծում, որ դա ժամանակավրեպ հայտարարություն է, Կոստանյանն ասաց, որ Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը:
“Իմ հայտարարությունը հետեւյալն է` քրեական դատավարության մեջ գոյություն ունեցող ամենակարեւոր սկզբունքը դա գործի արդյունավետ քննությունն է, ընդ որում դա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլեւ միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից է: Արդյունավետ քննության երաշխիքները հետեւյալն են՝ լրիվություն, բազմակողմանիություն եւ արդյունավետություն: Չկա գործի բացահատվածություն սկզբունք, ինչո՞ւ, որովհետեւ գործի կանխավարկածն այնպիսին է, որ եթե իմ նշած 3 սկզբունքները քո գործի քննության ընթացքում ապահովվում ես, հետեւաբար, դու ճշմարտությունը պարզել ես, թե ինչքան է դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածությանը, դա հարցի երկրորդ կողմն է: Իմ ասածն այն է, որ եթե այս 3 սկզբունքներն ապահովվում են, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքը գործը կարճելու, մյուս դեպքում անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում, երբ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չի պարզել մեղավոր անձանց:
Քանի դեռ այս 3 որոշումներից որեւէ մեկը կայացած չէ, հետեւաբար գործի լրիվության, բազմակողմանիության եւ օբյեկտիվության սկզբունքները դեռեւս ապահովված չեն”,- ասաց Կոստանյանը: