28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դա շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Նիկոլ Փաշինյանն անում է

ՀՀԿ ղեկավար, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեի ուշ երեկոյան այցելել է Հայրենիքի փրկության շարժման վրան, մեկ ժամից ավելի զրուցել է վրանում այդ օրը հերթապահություն իրականացնող երիտհանրապետականների հետ։

Հիշեցնենք, որ վրանը դեռեւս անցած տարեվերջից տեղադրվել է Հանրապետության հրապարակում։ Այստեղ շարժման անդամ կուսակցության ներկայացուցիչները հերթով հերթապահություն  են անում, գիշերում վրանում, հյուրընկալում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը վրան այցելեց այն բանից հետո, երբ իշխանությունը հայտարարեց արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին։ Արդյոք հերքելո՞ւ այն կասկածները, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է իր օրակարգով, քանի որ շարժման լիդերներից Սարգսյանը կարծես թե միակն է, ով կտրականապես դեմ էր Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին։ Եվ արդյո՞ք իր այցով ցույց տալու, որ այսուհետ ամբողջ ուժով լծվելու են փողոցային պայքարին։ Այս եւ այլ հարցերի մասին բլից զրույց ունեցանք Սերժ Սարգսյանի հետ վրան այցելած Վահրամ Բաղդասարյանի հետ։ 

– Պարոն Բաղդասարյան, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հենց այս փուլում որոշեց այցելել փրկության շարժման վրան։

– Այ, դա ինքը պիտի ասի, թե ինչու որոշեց, որովհետեւ լրիվ պատահական էր, եւ ինձ համար էլ էր անակնկալ։

– Պատահակա՞ն էր այդ այցը իշխանության այն հայտարարությունից հետո, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, եւ դրանք չեն լինելու․․․ (հարցն անավարտ է մնում)․․․

– Բայց ի՞նչ կապ ունեն արտահերթ ընտրությունները։ ՀՀԿ-ն միշտ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններին չենք մասնակցելու։

– Հենց այստեղ էլ կասկածներ կան, ասում են՝ Սերժ Սարգսյանն ինչ ուզում է, Նիկոլ Փաշինյանը դա է անում, ինչպես որ կասկածներ էին տեսնում իշխանափոխության հարցում, հիմա․․․

– Դա շատ լավ է, որ Սերժ Սարգսյանի ասածը Նիկոլ Փաշինյանն անում է։ Եթե դուք չեք տեսնում, ապա Սերժ Սարգսյանն ասում է՝ Նիկոլ, հեռացիր, ինչո՞ւ չի հեռանում։

– Գուցե լավ չի ասում կամ իրականում հիմա այլ բան է ուզում։

– Ասում է, ասում․․․Իսկ թե ինչի չի հեռանում, Նիկոլին հարցրեք, մարդն ապագայի նկատմամբ վախեր ունի, իր վախկոտությունն է պատճառը, որ չի հեռանում։ …Եկեք ավարտենք զրույցը։  

– Սերժ Սարգսյանի այցը կարո՞ղ ենք ուղերձ ընդունել, որ փողոցային պայքարն այսուհետ նոր թափով է իրականացվելու, արդեն Սերժ Սարգսյանն է վրան այցելում։

– Դա սովորական հանդիպում էր։

– Իսկ այդ հանդիպման ժամանակ գոնե ասա՞ց, թե, ի վերջո, ինչով էր Նիկոլը ճիշտ, եւ ինքը սխալվեց։

– Դրա մասին ինքն առաջիկայում հարցազրույց կտա եւ կպատասխանի այդ հարցին։ Իսկ հանդիպմանն այդ մասին չի խոսվել։

– Պարոն Բաղդասարյան, իշխանությունը գնդակը նետեց ընդդիմության դաշտը, առաջիկա հանրահավաքին մենք կտեսնե՞նք ՀՀԿ-ի մոբիլիզացիա, այսինքն՝ հանրահավաքին պատրաստվո՞ւմ եք, փողոցի պայքարն ուժեղանալո՞ւ է։

– Ի՞նչ է նշանակում «մոբիլիզացիա», մենք հայտարարություն կանենք, ով կցանկանա, կմասնակցի։ Մենք պարտադրաբար մարդկանց հավաքի չենք բերելու։ Ես չեմ կարծում, որ երկրում կա մեկ մարդ, որն այսօրվա իրավիճակով մտահոգված չէ։ Եվ եթե մտահոգված է այս երկրի ճակատագրով, իրենք հաստատ լինելու են։

– Դուք ասում էիք, որ մի քանի հարյուր հազարանոց կուսակցություն եք, որտե՞ղ են ձեր գաղափարական ընկերները, ասածս այն է՝ փողոցում տեսնելո՞ւ ենք ձեր ուժը։

– Սպասեք հանրահավաքին։

– Բա նախորդնե՞րը, ինչո՞վ եք բացատրում այդ սակավամարդ ակցիաները։

– Կորոնավիրուս, եղանակային պայմաններ։

– Իշխանության ներկայացուցիչներն ասում են՝ մենք այս իրավիճակում էլ շատ ավելի լավն ենք, քան նախկինները, հակառակ պարագայում մարդիկ դուրս կգային, իրենց կողքին կլինեին։

– Եթե դուք էլ եք գտնում, որ իրենք լավն են, ապա կարող եք չգալ հանրահավաքի։ Եվ միայն փողոցում կանգնելով չէ դժգոհության արտահայտումը։ Դժգոհության արտահայտման տարբեր ձեւեր կան․ տանը՝ հեռուստացույցի մոտ նստած, փողոցներում, դրա համար պետք է մոնիթորինգ անել, եւ դուք կզգաք իրական պատկերը։

– Հեռուստացույցի դիմաց դժգոհություն հայտնելով՝ իշխանությանը հնարավո՞ր է հեռացնել։

– Իշխանությունն այսպես, թե այնպես գնալու է։

Լուսինե Շահվերդյան

hraparak.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ