Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա. ԿԸՀ
՛՛Որևէ արտահերթ ընտրության չենք պատրաստվում՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն՝ ի պատասխան հարցին, թե ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, արդյոք ԿԸՀ-ն նախապատրաստվո՞ւմ է նման ընտրություններ անցկացնել: ՛՛Մենք առաջիկայում ունենք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Մի քանի համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ, դեկտեմբերին ունենք ՏԻՄ համար հերթական ընտրությունների սահմանված օր: Որևէ այլ ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի նախապատրաստվում, և նման անհրաժեշտություն չկա՛՛,-հայտարարեց նա:
Հարցին, թե պատրա՞ստ է ազատ ու թափանցիկ, առանց կեղծիքների արտահերթ ընտրություններ նախաձեռնել, Տիգրան Մուկուչյանն ասաց, թե մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ եղել են այդպիսին: ՛՛Առանձին տեղամասերում նկատված ինչ-ինչ խախտումները պետք է դիտարկել ընտրությունների վրա ազդեցության տեսանկյունից: Պատկերացնել իդեալական ընտրություն, որ քվեարկության ընթացքում որևէ տեղամասում որևէ խախտում տեղի չունենա, անպատկերացնելի է: Նախորդ բոլոր ընտրությունները միանշանակ անցել են թափանցիկ, հրապարակային, բաց, ազատ, ու ընտրողն իրացրել է ընտրական իր վերաբերմունքը՛՛,-եզրափակեց Տիգրան Մուկուչյանը: