Արտահերթ ընտրություններ են լինելու. Փոստանջյանի լուրը զարմացրեց Մուկուչյանին
_1414572838.jpg)
Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հայտարարեց, որ եկող տարի սպասվում են արտահերթ ընտրություններ: Պատգամավորը հետաքրքրվեց, որքան գումար է անհրաժեշտ այդ ընտրությունների համար: ԿԸՀ նախագահը զարմացած արձագանքեց. ՛՛Անկեղծ ասաց՝ չգիտեմ՛՛:
՛՛Հանրության ցանկությունն է դա: Կխնդրեի պարզաբանում տալ՝ որքա՞ն գումար եք պատրաստվում բյուջեից պահանջել արտահերթ խորհրդարանական եւ նախագահի ընտրությունների համար առանձին-առանձին՛՛,-հարցրեց Փոստանջյանը:
Տիգրան Մուկուչյանը թվարկեց, թե այս տարի որքան ՏԻՄ ընտրություններ են եղել՝ 132 համայնքում եղել են հերթական ընտրություններ, իսկ երեք համայնքում դեռ նախատեսվում են արտահերթ ընտրություններ:
՛՛Ինչ վերաբերում է մյուս ընտրություններին, բնականաբար ԿԸՀ-ն դրանք իրականցնում է օրենսգրքով նախատեսված կարգով: Եթե այդ արտահերթ ընտրությունները սահմանված կարգով են, ապա կլինեն: Սակայն ես տեղեկացված չեմ, ցավոք, որ նման ընտրություններ սպասվում են՛՛:
ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը կոչ արեց. ՛՛Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում՝ բյուջեի շուրջ խոսել, իսկ մյուս ընտրությունները լինելու են 2017, 2018 թթ.՛՛:
Զարուհի Փոստանջյանին չբավարարեցին պատասխանները, եւ նա շարունակեց. ՛՛Այնուամենայնիվ, պահուստային ֆոնդից որքա՞ն գումար պետք է տրամադրվի արտահերթ ընտրությունների համար: Ոչ մեկս ապահովհագրված չենք, որ նման պրոցեսներ տեղի չեն ունենա. ամեն ինչ վկայում է այն մասին, որ արտահերթ ընտրություններ կլինեն՛՛: ՛՛Տիկին Փոստանջյան, նիստից հետո ես իմ աշխատակազզմի ղեկավարի հետ միասին կոպեկի ճշտգրտությամբ կարող ենք ասել, թե որքան ենք ծախսել նախորդ համապետական ընտրություններին՛՛,- վստահեցրեց ԿԸՀ նախագահը:
Իսկ երբ արդեն նիստն ավարտվեց, Հովհաննես Սահակյանը Փոստանջյանին կատակով ասաց, որ նա չի էլ մասնակցում հանրահավաքներին, ինչ արտահերթ ընտրությունների մասին է խոսում: ՛՛Ես մայդան եմ անելու՛՛,-կատակեց նա: Ապա ընդդիմադիր պատգամավորը անաձին զրուցեց ԿԸՀ նախագահի հետ, որից հետո նա էլ ժպտալով ասաց. ՛՛Բարդ ա՛՛: