Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունները մարդկությանը մտածելու տեղիք են տալիս մինչ օրս. դեսպան
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լինչը եւ Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ Հայաստանում Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյա տարելիցի առիթով պատերազմի զոհերի ոգեկոչման և այլ խորհրդանշական միջոցառումներ կիրականացնեն Հայաստանում:
Քեթրին Լինչըը նշեց, որ Եվրոպական պետությունների միջև պատերազմ հայտարարվեց, և բոլորը կարծում էին, որ այն կավարտվի մինչև Ծննդյան տոները:
՛՛Այն տևեց 4 տարի և միլիոնավոր զոհերի ու ավերածությունների պատճառ դարձավ՛՛,- ասաց նա՝ նշելով նաեւ նույն ժամանակահատվածում Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայերին:
Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էլ նշեց, որ 1945 թվականից հետո Եվրոպան մտածում էր, ինչպես պետք է վերականգնվի, ինչպես բուժի իր վերքերը։
՛՛Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունները մարդկությանը մտածելու տեղիք են տալիս մինչ օրս: Մեր ձեռքբերումը ներկայումս Եվրամիությունն է, որը ծնվեց Երկրորդ աշխարհամարտից հետո, մի քանի փուլերի արդյունքում, որն այժմ իրենից ներկայացնում է խաղաղության գոտի՛՛,-ասաց Ռ. Մորելը:
Դեսպանները նշեցին, որ Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյա տարելիցի առթիվ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանատների համատեղ ջանքերով հոկտեմբերի 31-ից մինչ դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածը մի շարք միջոցառումներ կանցկացվեն: