Փոխնախարարի պաշտոնն ազատում են Խոսրով Հարությունյանի որդու համար. Հրապարակ
՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ կառավարությունում անընդհատ պաշտոնանկություններ են լինում:
՛՛Ամենաբարդն էկոնոմիկայի նախարարության վիճակն է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի՝ Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է՝ դիմում գրի-գնա: Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը՝ թե նրա աշխատանքից դժգոհ են եղել, որոշներն էլ՝ թե հիմնական խնդիրը նրա՝ Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է: Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել: ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ Կարեն Ճշմարիտյանը խոսեց երեք կառույցների՝ Զարգացման հայկական գործակալության, Արդյունաբերության աջակցության և Մրցունակության հիմնադրամների միացման մասին: Այժմ կառավարությունում քննարկվում է այդ հարցը:
Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացներում: Եղել է ՄՄ ճանապարհային քարտեզի երկու ուղղությունների ոչ սակագնային կարգավորման և արդյունաբերական քաղաքականության աշխատանքային խմբերի ղեկավարը: Նա երեկ մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, թե ինքն է որոշել դիմում գրել, իսկ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացներում իր կատարած աշխատանքն անթերի է եղել: Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանի տղայով իրեն փոխարինելուն, ասաց, որ նման տեղեկություն չունի. ՛՛Եթե ասում են, ուրեմն, նման բան կա՛՛: Գուցե Խոսրով Հարությունյանի որդուն նշանակելու ցանկությա՞մբ է պայմանավորված իր գնալու անհրաժեշտությունը՛՛,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: