՛՛Եթե հրաշք կատարվի, միգուցե՛՛
՛՛Եվ Փարիզի հանդիպումից առաջ, և հետո մեր կարծիքը հետևյալն է եղել՝ Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են, և երբեք մենք չենք գնացել արկածախնդրության, երբեք չենք խոսել ռազմատենր հռետորաբանությամբ: Որքանով և ինչքանով կհասնենք խնդրի դրական տեղաշարժի, կախված է բացառապես ադրբեջանական կողմից՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Փարիզում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը: ՛՛Առանց ԼՂ իշխանությունների ուղիղ մասնակցության բանակցային պրոցեսին հնարավոր չէ ակնկալել ռադիկալ առաջընթաց՛՛,-հավելեց նա
Հարցին, թե ի՞նչ է նշանակում երկու երկրների ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության մեծ համաձայնագրի ստորագրմանը, ինչի մասին նշել է Ֆրանսիայի նախագահ Օլանդը, և թե ի՞նչ փոխզիջումների գնով հնարավոր կլինի հասնել դրան, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. ՛՛Երբ Ադրբեջանը կներկայացնի իր փոխզիջումը, մենք էլ կներկայացնենք մերը: Բայց Ադրբեջանը ոչ միայն չի խոսում փոխզիջումից, այլ խոսում է խնդրի ռազմական լուծումից:
Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի նստել բանակցային սեղանի շուրջ, և ոչ թե մաքսիմալիստական, ուտոպիստական նպատակներով, և ոչ թե Ադրբեջանը կկանգնի ու իր հասարակությանը կպատրաստի պատերազմի, այլ ոչ թե խաղաղության, այն ժամանակ միգուցե: Բայց Ադրբեջանն այսօր իր հասարակությանը պատրաստում է պատերազմի, գոնե մինչև այս հանդիպումը: Եթե մի պետության ղեկավար ասում է` Երևանը ադրբեջանական տարածք է, եթե դիվերսիաներ են անում ու հայատյացություն քարոզում առավոտից երեկո, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը՛՛:
Հարցին` ուրեմն չի՞ հավատում, որ այդ համաձայնագիրը կստորագրվի, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. ՛՛Եթե հրաշք կատարվի, ու Ադրբեջանը վերադառնա կառուցողական դիրքի, միգուցե: Բայց այսօր ես դա չեմ տեսնում՛՛: