Հանցագործությունների թիվն աճել է
Ազգային ժողովում 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանին հարցրեց, թե հանցագործության թիվն աճել է, թե նվազել: Փոխոստիկանապետը պատասխանեց, թե 2014թ-ին հանցավորության դինամիկան աճել է նախորդ տարվա համեմատ, այսօրվա դրությամբ՝ 636 դեպքով: ՛՛Ծանր հանցագործությունը 19,4%-ով, առանձնապես ծանրը՝ 13,2%, հրացանի գործածմամբ 10%-ով, բնակարանային գողությունը 230-ով աճել է՛՛,-ասաց նա և բացատրեց, որ դա չի նշանակում, որ իրավիճակն է վատացել:
Գագիկ Ջհանգիրյանն ընդհատեց, թե նման աճի պարագայում ինչ միջոցառոմներ են նախատեսում. ՛՛Բա տարին 50 000 մարդ դուրս է գալիս, իսկ զուգահեռ հանցագործությունն աճում է , պետք է կանխենք չէ, այդ հոդվածներն ավելի շատ նախատեսենք՛՛,-ասաց նա:
Փոխոստիկանապետը նշեց, որ այս տարվա ընթացքում ավելի շատ ծրագրեր նախատեսել են իրականացնել հասարակական կարգի պահպանության, արտաքին ծառայության, ինչպես նաև օպերատիվության առումով տեխնիկայի ձեռքբերմամբ: ՛՛Դրանց բոլորի վրա մենք այս տարի ավելի շատ գումար ենք նախատեսել՝ 12%-ով՛՛,-նշեց նա: