Արտակարգ իրավիճակների նախարարության բյուջեն չի բավականացնում
Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2015 թվականի բյուջեով տրամադրվելու է 11 միլիարդ 203 միլիոն: 89,5%-ը աշխատավարձն է, մնացած գումարները բաժանվել են ըստ ծառայությունների: ՛՛ԱԻՆ-ը միայն պետբյուջեի տրված գումարներով իր աշխատանքը ամբողջությամբ չի կարող կատարել՛՛,-ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի քննակումների ժամանակ, ներկայացնելով ԱԻՆ-ի բյուջեն, նշեց նախարար Արմեն Երիցյանը:
Նախարարն ընդգծեց՝ իրենք համագործակցում են տարբեր երկրների, միջազգային ՀԿ-ների հետ.
՛՛Այսօր փրկարար ծառայությանը և ընդհանրապես այլ ծառայություններին օգնում են միջազգային ՀԿ-ները, ընդհանուր առմամբ տրանսպորտային միջոցների համար մեր պահանջարկը եղել է մոտ 546 միլիոն դրամ, մեզ տրամադրվել է 255՛՛:
Նախարարը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միայն ՛՛911՛՛ ծառայությունը օրական ստանում է վեցից ութ հազար ահազանգ.
՛՛Յուրաքանչյուր անձի հետևում կանգնած է անձ, քաղաքացի, և յուրաքանչյուր զանգի համար պատասխանատվություն ենք կրում, ուստի մեր տրասնպորտային միջոցները շատ-շատ են դուրս գալիս, և, իհարկե, վառելիքը չի բավարարում՛՛,-նշեց Երիցյանը՝ հավելելով, որ վառելիքը իրենց պահանջարկի 46,5%-ն է կազմում ընդամենը, իսկ հանդերձանքի հետ կապված՝ պահանջարկի 38,6%:
Նախարարը շնորհակալություն հայտնեց փրկարարաների աշխատավարձի բարձրացման համար և շնորհակալություն հայտնեց այն պատգամավորներին, որոնք աջակցում են ԱԻն-ին իրենց նախաձեռնություններով: