Փոփոխություններ արեցինք, որ մեր հարուստներն իրենց մեքենաների համար չվճարեն. պատգամավոր
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են խորհրդարանական լսումներ՝ ‘’Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին’’ ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին’’, ‘’Պետական նպաստների մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին’’, ‘’Եկամտային հարկի մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին’’ օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն հետաքրքրվեց, թե արդյոք կա՞ն համապատասխան հաշվարկներ չաշխատող հղի կանանց տվյալների, որի համաձայն սահմանվել են այդ շեմերը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության բաժնի պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը պատասխանեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելու առաջին օրվանից ասվել էր, որ սա նախագիծ է, որը ենթակա է քննարկման: Նա հավելեց, որ
այդ տոկոսների համար հիմք է հանդիսացել միջազգային փորձը:
Բիշարյանին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչո՞ւ է պետությունը սահմանում 18000 դրամ նպաստ, այլ ոչ թե այլ նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով:
Ինչին Սաիյանը պատասխանեց, որ խնդիրը ֆինանսական հնարավորություններն են:
Բիշարյանն արձագանքեց. ‘’Շրջանառության հարկում էլ փոփոխություններ արեցինք, որ մեր հարուստներն իրենց մեքենաների համար չվճարեն’’:
Հիշեցնենք, համաձայն փաթեթի` հղիներին տրամադրվող պետական նպաստը կրճատվելու է:
Եթե օրենքն ընդունվի, ապա 2015թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն դրա այն կետերը, որոնք վերաբերում են աշխատող կանանց, իսկ չաշխատող կանանց նպաստ տրամադրելու վերաբերյալ հատվածը ուժի մեջ կմտնի մեկ տարի անց` 2016թ-ի հունվարից:
Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տրվել ”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” և ”Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագծերի փաթեթին: