23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 27-ին ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների կարևորությունը և բարձր գնահատել ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում թե՛ մարտական գործողությունների դադարեցման եւ թե՛ ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման առումով: Ազգային ժողովի նախագահը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցն այս համատեքստում շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք և վստահություն հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի ի կատար ածվի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը:

Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաև ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև երկու երկրների խորհրդարանների՝ երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության առավել ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ