Պետք է կանգնեցնել արնահոսությունը. ՀՀԿ և ԲՀԿ պատգամավորները համամի՞տ են
”Կա հայեցակարգը, սկսվել են քննարկումները, եթե ոչ շատ հրապարակային, բայց մարդիկ հնարավորություն ունեն նայելու: Կարծում եմ, որ քաղաքական դաշտի հետ կապված մասը ավելի շատ է հայեցակարգում, քան տնտեսական: Սահմանադրության մեջ տնտեսական բլոկին վերաբերվող փոփոխություններ ակնկալում եմ”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ դիտարկում արեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Հակադրվելով ՀՀԿ-ական պատգամավորի խոսքին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գյուղերում վիճակը բավականին ծանր է և Սահմանադրությունը մասամբ է առնչվում դրան.”Եթե մենք գնում ենք այնպիսի վիճակի, որ գյուղերը դատարկվում են, դրանում մեղավոր չէ Սահմանադրությունը: Խոսքը ոչ թե ժամանակավրեպի մասին է այլ հարկավոր է հաշվի առնել, թե այսօր ինչն է ավելի կարևոր ժողովրդի համար”,-ասաց Մելքումյանը:
Որպես օրինակ նա անդրադարձավ շրջանառության հարկի մասին:
”Մենք չենք կարող գնալ սահմանամերձ մի գյուղ, որը կրակի տակա ու ասենք մի փոքրիկ պահեստամասի համար փաստաթուղթ ցույց տուր, թե որտեղիցա կամ ինչա”,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ըստ Մելքումյանի խնդիր կա, որ արյունահոսությունը կանգնեցնենք, բայց դա հարյուր տոկոսանոց հարցի լուծում չէ և հարկավոր է արմատական լուծումներ գտնել:
”Արմատական լուծումների է հարկավոր գնալ ու դա պետք է լիներ ժամանակի մեր սահմանադրության մեջ , եթե լիներ մենք կունենայինք շատ ավելի լավ տնտեսություն: Այն բնագավառները, որտեղ մենք արմատական փոփոխությունների չգնացինք նախորդ Սահմանադրության կիրառման ժամանակ` մնացին շատ ավելի վատ վիճակում”,-պարզաբանեց Լեռնիկ Ալեքսանյանը:
”Արմատական փոփոխությունների գնալու համար, հարկավոր է որ ժողովուրդը հավատա կառավարությանը”,-հակադարձեց Մելքումյանը: