26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վայ քեզ երկիր, վայ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում․ Հրապարակ

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որը Շուշիում հայտնվել էր շրջափակման մեջ, հիմա էլ է իրեն զգում շրջապատման մեջ: Բայց եթե Շուշիում թշնամիներով էր շրջապատված, այսօր՝ լրագրողների կողմից: Իսկ այդ ուշադրությունը պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբ: Նա մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի հանրահավաքներին, հարցազրույցներ է տալիս, գրառումներ անում՝ բավականին կոշտ շեշտադրումներով: Երեկ էլ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին: Մենք Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական պլաններ ունի՞ առաջիկայում, պատասխանեց. «Գիտեք, ես նախկինում էլ, լինելով ռազմաքաղաքական գործունեությամբ զբաղվող անձ, ՀՀ քաղաքացի, քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ իմ աշխատանքը գործադիրում, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունում, ավարտել եմ, և արդեն պետք է զբաղվել քաղաքական և տնտեսական խնդիրներով, որպեսզի բանակի թիկունքն ավելի ամուր պահպանվի: Էդ առումով ես քաղաքական գործունեությունից դուրս չեմ եկել, այս վերջին օրերի ակտիվությունն էլ այն է, որ բոլորս մտահոգված ենք մեր երկրում ստեղծված իրավիճակով»: >

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես շատերին, այնպես էլ Ձեզ շատ էր զայրացրել, և Դուք բավականին կոշտ արձագանքել էիք նրա ասածներին («Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղել ես»):

-Տեսեք, խնդիրն այն է, որ մենք բոլորս ուզում ենք իմանալ, թե մենք ինչ ենք անում այս ողբերգալի իրավիճակից, այս պարտությունից դուրս գալու համար: Եվ ես, եթե նկատել եք, նախկինում էդպես անձնավորված շատ ելույթներ չեմ ունեցել, իմ ելույթները բոլորը բարեկրթության նորմերում են: Եթե նույնիսկ խիստ եմ արտահայտվում, էդ ամենը բարեկրթության մեջ է, որովհետև ես որևիցե մեկի դեմ չեմ պայքարել երբևիցե, ես աշխատել եմ հանուն գաղափարի, հանուն աշխատանքի, հանուն Հայաստանի և հանուն Արցախի: Բայց ինչն է ինձ մտահոգում, այն, որ մեր կառավարության ներկայացուցիչները պատգամավորների տված հարցերին կա՛մ հեգնանքով են մոտենում, կա՛մ մանիպուլացնում են, կա՛մ լղոզում են, հատկապես տնտեսությանը վերաբերող հարցերը, և սկսում են զբաղվել չարախոսությամբ, բամբասանքով, նորից պահածոյի տուփեր, վարտիքներ…

Իմ եզրակացությունը մեկն է, որ այս իրավիճակը, այս մթնոլորտը իրենք են ստեղծել: Խոսում ես, արտահայտվում ես, նույնիսկ քննադատում ես կամ լավ կարծիք ես արտահայտում, միանգամից, մի կողմից, իրավապահ մարմիններն են սկսում հետապնդել, մյուս կողմից՝ շատ վատ բան է տեղի ունենում, որ այս իշխանությունների օրոք է լայն թափ ստացել, ֆեյքային հրոսակախմբերը սկսում են ռեժիմով կամ, կարելի է ասել, օրվա ընթացքում մի քանի հերթափոխով հարձակվել մարդկանց վրա:

Գիտեք, մի բան է քննադատելը, մեկ այլ բան են այն հայհոյախառն գրառումները, որ իրենք կատարում են, չէ որ դրանք իմ ընտանիքի անդամներն են ընթերցում, աղջիկներ են ընթերցում, ի վերջո, հայ ժողովուրդն է ընթերցում: Եվ այդպիսի մարդիկ ինքնըստինքյան տրամադրություն են ստեղծում ոչ միայն հակադարձելու, այլև նույնիսկ թշնամական տրամադրություններ են ստեղծում: Եվ այդ ամենն արդյունք է նրա, որ մեր երկրի կառավարության առաջին դեմքից սկսած՝ իրենց գործունեությունն իջեցնում են զինվորի վարտիքի մակարդակի: Ժամանակն է, որ իրենք դուրս գան էդ վարտիքից և զբաղվեն իրենց գործով: Մեր ղեկավարությունը ռազմավարական մակարդակից իջել է վարտիքի, պարկետի մակարդակի: Դա է ինձ վրդովվեցնում, և դա է խնդիրը, որ ես հակադարձել եմ:

-Հետաքրքիր է, որ Դուք, Ձեզ պես շատ գեներալներ, որոնք մարտական ուղի են անցել, թուրքի դեմ են կռվել, չեն վախեցել թշնամուց, այսօր՝ չասեմ վախենում են, բայց նեղվում են ֆեյքերի գրոհներից:

-Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, ո՛չ թուրքից ենք վախեցել, ո՛չ էլ մեր ներքին, չեմ ուզում թուրք անվանել, մեր ներքին հակառակորդներից, չարախոսներից: Պարզապես վիրավորական է, երբ այնպիսի հայհոյանքներ են տեղում, չեն խնայում ո՛չ ընտանիքի անդամներին, ո՛չ մահացածներին, ո՛չ որջերին: Ես որ ասեմ՝ ինչե՜ր են գրվում… Ես դրանցից չեմ վախենում, պարզապես… վիրավորական է, էլի: Խնդիրը գիտեք որն է, որ էդ ՊՈԱԿ-ի ֆեյքերին պետական մակարդակով ղեկավարում են, ուղղորդում են: Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից և, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձևով էլ ղեկավարում ես երկիրը:

-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես այն, որ ասաց՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, շատերը գնահատականներ տվեցին, թե Հայաստանի վարչապետը սպասարկում է Ադրբեջանի շահը:

-Վայ քեզ երկիր, վայ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում:

-Անդրադառնալով քաղաքական պայքարին, պարո՛ն Օհանյան, տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերի պայքարն այս պահին արդյունք չի տալիս, Փաշինյանն էլ երեկ հեգնում էր, թե վրանում նստելով՝ ուզում են իշխանության գալ: Դուք ինչպե՞ս եք պատկե­րացնում լուծումը, նրան հեռացնե­լու ճանապարհը ո՞րն է:

– Ես գտնում եմ, որ առողջ ուժերը, այն ուժերը, որոնք ներքին կուլուարներում, տարբեր վայրե­րում հանդես են գալիս ընդդեմ այս իշխանությունների, պետք է հա­մախմբվեն: Հիմա հարթակը 17+1 է, իհարկե, ես էդ հարթակում, որպես կուսակցություն, չկամ, ինձ մեկ-մեկ հարցնում են՝ դու 17-ի մեջ ես, ես կատակով ասում եմ՝ ես արդեն 59-ի մեջ եմ (տարիքը նկատի ունի՝ Վ. Մ.):

Բայց ես աջակցում եմ, և ժողովրդից թեկուզ մեկ հոգի էլ կանգնած լինի հարթակում… ես շատ բարձր եմ գնահատում անհատին, քաղաքա­ցուն, մարդուն և գտնում եմ, որ պետք է համախմբվեն: Իհարկե, այս պահի դրությամբ որոշակիորեն նաև այս ձմեռային պայմաններն են խանգարում, բայց կարծում եմ՝ շարժումը պետք է նաև այնպես անի, որ հարաճուն ընթացք ստանա, որպեսզի կարողանան գեներացնել և իրոք հասնեն նրան, որ փոփո­խություն լինի

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ