Եթե Ծառուկյանն այսօր ներողություն խնդրի /վիդեո/
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված ասուլիսին նախապես հայտարարեց, որ չի եկել եռյակի հանրահավաքից ժամեր առաջ քննադատելու նրանց և պաշտպանելու իշխանություններին: ՛՛Այսօրվա իշխանությունների և եռյակի առնվազն երկու ուժերի միջև կոնցեպտուալ տարբերություն չկա, ընդամենը իշխանություններն իշխանություն են, իսկ եռյակը կամ այսպես կոչված այլընտրանքը, որ իմ կարծիքով՝ անգրագիտություն է այդ հասկացությունը քաղաքագիտության մեջ, ոչ մի տարբերություն չկա՛՛,-ասաց նա:
ՍԴՀԿ ատենապետը վստահ է՝ փոփոխություններ պետք են երկրին, սակայն համակարգային պետք է լինեն: ՛՛Հիմա երկրում համակարգային փոփոխությունների հայտէ ներկայացրել ոչ իշխանական եռյակը, որից 2-ն ընդդիմադիր են, իսկ մեկը՝ գոնե մինչև այսօր ժամը վեցը՝ այլընտրանք՛՛,-նկատեց նա՝ հավելելով, որ եռյակը չի կարող ծառայել ժողովրդի շահերին:
՛՛Երկրում մեծ օլիգարխիկ հնարավորություններ ունեցող որևէ գործիչ չի կարող լինել ընդդիմադիր, և հաշվի առնելով մեր իշխանությունների վարվելակերպը և տեսնելով բազմաթիվ դատավարությունները, որ կային 90-ականներից մինչև այսօր՝ որևէ օլիգարխ դառնա ընդդիմադիր ու չպատժվի, հնարավոր չէ: Վստահ եմ, որ ԲՀԿ-ն չի կարող երկրում համակարգային փոփոխություններ անցկացնել, քանի որ դրանք անմիջականորեն պետք է ազդեն ԲՀԿ-ի ու նրա ղեկավարության վրա: Իրենք պետք է զրկվեն մենաշնորհներից, պետք է նորմալ հարկային դաշտում հայտնվեն, պետք է ման գան առանց թիկնապահների ու թիկնապահական բանդաների, ինչը, ցավոք, մեր երկրում շատ տարածված երևույթ է՛՛,- նկատեց նա:
Ն. Գալստյանը հարցնում է. ՛՛Հիմա պատրա՞ստ է ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն ինքն իրեն դնել այդ գործընթացի մեջ, վստահ եմ, որ ոչ, պատրաստ չէ՛՛:
Նա շեշտեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ինքնախոստովանական գործընթաց անցնի: ՛՛Եթե այսօր Գագիկ Ծառուկյանն ասի, որ ներողություն է խնդրում 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին իր թիկնազորի կողմից ծեծի ենթարկելու համար, ինքը ներողություն է խնդրում բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի համար, որտեղ ներգրավված էր իր թիկնազորը, Շահեն Հարությունյանի ծեծ և այլն, և այլն…այդ պարագայում յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի իր մեղքերը քավելու, և մարդը միգուցե այդ գործընթացի մեջ է՛՛:
Ն. Գալստանյանի ու ՍԴՀԿ-ի համար տարօրինակ է նաև այն, որ այսօր հարթակում կանգնելու են մարդիկ, ովքեց վեց տարի առաջ Աբովյանում ծեծի են ենթարկվել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի կողմից, օրինակ՝ Երջանիկ Աբգարյանը: