Մտածում են՝ բանակցությունս ո՞րն ա. եռյակը դեմ չէ
՛՛Կարող են ինչ գնահատականներ, ուզում են, տալ, դա իրենց խնդիրն է, բայց ՛՛Ժառանգությունը՛՛ գործոն է, և լուրջ քաղաքական գործոն է այդ գործընթացներում՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ մեկնաբանելով այն հայտարարությունները, թե ՛՛Ժառանգությունն՛՛ այլևս գործոն չէ եռյակում:
Պատգամավորը հայտնեց, որ երեկվա դրությամբ դեռ վերջնական օրակարգը չկար ձևավորված: ՛՛Կան չճշտված, համաձայնեցված հարցեր, որոնք կկարգավորվեն: Բոլոր դեպքերում մեր դիրքորոշումը մնում է նույնը, որ 3 քաղաքական ուժեր պետք է ներկայանան հարթակ մեկ ճանապարհային քարտեզով՝ նկատի ունենալով, որ բոլոր քաղաքական ուժերը միասին ու առանձին-առանձին հայտարարել են, որ իշխանափոխություն են ուզում և գնում են արմատական ու համակարգային փոփոխությունների, դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ 3 քաղաքական ուժերն ունենան մեկ միասնական ծրագիր ՛՛,-ասաց նա:
Ռ. Հակոբյանը շեշտեց, որ ՛՛Ժառանգությունն՛՛ այսօր ունի այդ ծրագիրը, այդ ճանապարհային քարտեզը, և իր կարծիքով՝մյուս գործընկերները նույնպես ունեն: ՛՛Խնդիրն այստեղ այն է՝ կարողանալ այդ քարտեզները մեկտեղել, որ դառնա միասնական ծրագիր, ինչն էլ այսօր ակնկալում է ժողովուրդը՛՛:
Ինչ վերաբերում է այսօրվա հանրահավաքի ժամանակ կտրուկ գործողությունների անցնելուն, ապա նա հորդորեց ևս մեկ օր սպասել ու կտեսնենք՝ ինչ ճանապարհով կընթանա եռյակը: ՛՛Եթե այսօր հայտարարում ենք, որ իշխանափոխություն պետք է իրականացվի, ավելի լուրջ է, որ այդ արդյունքին հանելու համար ընտրենք այն ռեալ ճանապարհը, որ կտանի դրան, քան թե ընտրենք ինչ-որ լոզունգներ ու մնանք այդ լոզունգների տակ ու ոչինչ չանենք՛՛,-ասաց նա: Այդ թվում Հակոբյանը չբացառեց նաև իշխանությունների հետ բանակցությունների եղանակը:
՛՛Տպավորություն կա մեր քաղաքական դաշտում, որ բանակցությունս ո՞րն ա, բայց եթե խնդիր է դրված, որ պետք է լուծվի ու կան կողմեր, բանակցությունների միջոցով պիտի է լուծվի, այլ հարց է, թե ինչ բովանդակությամբ ու ինչ բնույթի կլինեն այդ բանակցությունները, առաջիկայում ցույց կտա ընթացքը՛՛:
Դիտարկմանը, որ իրենց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ գնաց բանակցությունների եղանակով նախորդ տարի, նա արձագանքեց. ՛՛Պետք է ամբողջական ծրագիր ունենանք, ու պետք է մեր սխալներից կարողանանք օգտվել, եթե դու բոլոր տարբերակների համար ունես զարգացման քո ծրագիրը, այս դեպքում ամեն ինչ նորմալ է: Ընդդիմությունն այս 22 տարիների ընթացքում հաղթել է ու չի կարողացել իր հաղթանակն ապացուցել դե ֆակտո, և դա նրանից է նաև, որ ընդդիմությունը մինչև վերջ չի ունեցել ինչ ծրագրով պետք է առաջնորդվի՛՛: