17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Եթե Հրանտ Վարդանյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին թվում է, որ բիզնեսմեն են, սխալվում են՛՛

Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.

՛՛Հայ-թուրքական թեմայով երեք նախագահների ռազմավարության մասին հոդված գրելիս 2007թ-ի դեկտեմբերի 8-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում աչքովս ընավ այս հատվածը՝ կոչ հայոց գործարարներին: Չեմ կարող չտեղադրել այդ հատվածը. 
***
Մոնղոլների պես, չունենալով բավարար մարդկային և պրոֆեսիոնալ ռեսուրսներ, Հայաստանի մերօրյա խաները ստիպված են երկրի կառավարման հոգսը հիմնականում դնել տեղական պաշտոնյաների և երևելիների վրա՝ նրանց շնորհելով նախարարական ու պատգամավորական տիտղոսներ, միաժամանակ օժտելով սեփականատիրական և գործարարական որոշ իրավունքներով ու արտոնություններով։

Վերջիններս, միջնադարյան վասալների նման, հլուհնազանդ կատարում են տերերի հրամանները՝ բավարարվելով սեփական ժողովրդի կեղեքումից ու հարստահարումից իրենց հասնող բաժնով։ Նրանց սեփականությունն ու բիզնեսը ապահովագրված չեն իրավական երաշխիքներով, այլ ամբողջովին կախված են Քոչարյանի և Սարգսյանի քմահաճույքից։ Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին, Լևոն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Մայրապետյանին, Հրանտ Վարդանյանին, Հարություն Փամբուկյանին թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են։ Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե՛ իրենց սեփականությունը, թե՛ բիզնեսը։

Եթե նրանցից մեկին ասվի, որ քո հեռուստաընկերությունն ու բանկը պիտի վաճառես մի ուրիշի, ապա այդպես էլ պետք է անի։ Եթե ՛՛Հայծխախոտ՛՛ ընկերության մի մեծ բաժնետիրոջ հրամայվի, որ իր բաժինը զիջի երրորդ անձի՝ պիտի ենթարկվի։ Եթե օրինական սեփականատիրոջից խլված ցեմենտի մի գործարան առաջարկվի մի այլ մեծահարուստի՝ պիտի համաձայնի և այլն։ Իսկ անհնազանդներն ու կիսվել չցանկացողները, առավել ևս՝ անկախ մտածողները, ենթակա են ոչնչացման, ինչի պերճախոս վկայությունը Խաչատուր Սուքիասյանի և ՛՛ԳԱԼԱ՛՛ հեռուստաընկերության նկատմամբ վերջերս կիրառվող բիրտ գործողություններն են։

Բարձր ամբիոններից ու հեռուստաէկրաններից հայրենասիրության, արժանապատվության, հպարտության, արդարության, առյուծից առյուծ ծնվելու մասին հոյակապ ճառեր արտասանող մեր սիրելի ու հարգարժան ձեռներեցնե՛ր և գործարարնե՛ր, մինչև ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը, մինչև ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ։ Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ծառայամտությամբ դուք ամրապնդում եք խանական իշխանության հիմքերը և ստրկության դատապարտում մեր ողջ ժողովրդին, նաև՝ ձեր իսկ երեխաներին։ Մի՞թե չեք տեսնում, որ մենք կանգնած ենք բախտորոշ հասարակական վերափոխման շեմին, որի նպատակն է բացառապես քաղաքական պայքարի խաղաղ, օրինական միջոցներով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։

Մե՛նք չէ, որ ձեզ պետք է հորդորեինք միանալ համազգային նոր շարժմանը։ Դո՛ւք պիտի առաջնորդեիք այն, և ժողովրդին տանեիք ձեր ետևից։ Ի՞նչն է ձեզ խանգարում համախմբվել ու թոթափել բոլորի, այդ թվում՝ ձեզ համար ատելի խանական լուծը։ Ինչի՞ց եք վախենում։ Մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը։ Ինչպե՞ս եք գիշերները քնում։ Արդյոք կարողանո՞ւմ եք նայել ձեր կանանց ու երեխաների աչքերին։ Ուստի քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը և վճռականորեն միացեք մեր շարքերին։ Հասկանալի է, թե դրան ինչն է խանգարում։

Հասկանալի է, թե ինչու եք այդքան վախեցած, կուչ եկած։ Հասկանալի է, թե ինչու եք շրջապատված սափրագլուխների գումարտակներով։ Այս ամենը հասկանալի է, քանի որ քոչարյանասերժական ռեժիմը ձեր դեմ կոմպրոմատներ ունի։ Դուք ստիպված եք եղել ձեր գործունեության մեջ բազմիցս խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել ձեր իրական եկամուտները և այլն։ Բայց դա ձեր մեղքը չէ։ Դուք հարկադրաբար ենթարկվել եք այն խաղի կանոններին, որոնք սահմանել է ներկա վարչախումբը։ Դուք իրականում կատարել եք ձեր հարկային պարտավորությունները, բայց ձեր մուծումները հայտնվել են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին ուրիշ տեղ։

Վստահաբար, նույնիսկ ավելին եք մուծել, քան պարտավոր էիք։ Սա է իրականությունը, և դուք այլ կերպ չէիք կարող վարվել, քանի որ հակառակ պարագայում կհայտնվեիք բանտերում կամ ստիպված կլինեիք թողնել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում և այլն։ Այս ամենը հասկանալով հանդերձ, մեզ հուզում է այն հարցը, թե որքան ժամանակ պիտի հանդուրժեք այս դրությունը, մինչև երբ պիտի մնաք ստրուկի անպատվաբեր վիճակում։

Դուք, որ պիտի լինեիք տնտեսության զարգացման առաջամարտիկները՝ ստանձնելով թաթար-մոնղոլական խանության ստորաքարշ վասալների դերը, դարձել եք զարգացման գլխավոր խոչընդոտը։ Մինչդեռ գործելով օրենքի դաշտում, դուք կարող եք վերագտնել ձեր արժանապատվությունը, հարգվել հասարակության կողմից, և նույնիսկ ընդլայնել ձեր բիզնեսն ու բազմապատկել ձեր եկամուտները։ Եթե շարունակեք պատվազրկությամբ ծառայել ներկա իշխանություններին, ապա նրանք ցանկացած պահի ձեզ կոչնչացնեն առանձին-առանձին։ Իսկ եթե միահամուռ կերպով ընդդիմանաք նրանց, ապա մեկ օր անգամ չեն դիմանա։ Հայաստանի ներկա իշխանությունները թաթար մոնղոլներին նույնանում են նաև գաղափարախոսության բնագավառում դրսևորած անլուրջ և ոչ հետևողական վարքագծով։

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչև 1990 թվականը կոմունիստ էին, այն էլ ոչ շարքային։ Հետո դարձան ՀՀՇ-ական. Քոչարյանը նույնիսկ ընտրվեց ՀՀՇ-ի վարչության կազմում, իսկ Սարգսյանն առաջադրվեց, բայց չհավաքեց դրա համար անհրաժեշտ ձայները։ Այնուհետև Քոչարյանը, թեև ոչ ֆորմալ, հակվեց դեպի Դաշնակցություն և Հայ դատ, իսկ Սարգսյանը գլխավորեց Նժդեհացեղակրոն կուսակցությունը։ Եթե պետք լինի, վաղը նրանք կդառնան մուսավաթական՛՛։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ