Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել Մարտի 1-ի սպանությունների համար. Ժողովուրդ
՛՛Ժողովուրդը՛՛ գրում է. ՛՛2008թ. մարտի 1-ից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամերիկյան դիվանագետները: ՛՛Վիկիլիքսի՛՛ ներկայացմամբ՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան այդ օրերին այցելել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների մասին համապատասխան զեկուցագիր է պատրաստել ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` մանրամասնորեն ներկայացնելով Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպումները:
Հատկանշական է, որ Բրայզան Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է նաեւ երկրորդ անգամ, որի ընթացքում Սարգսյանն ուշագրավ մեսիջներ է փոխանցել ընդդիմությանը: Հետաքրքիր ընթացք է ունեցել նաեւ Քոչարյանի հետ զրույցը. վերջինս մարտի 1-ին տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա:
Այսպես՝ Բրայզայի հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը ցավով է արտահայտվել մարտի 1-2-ին իր կառավարության իրականացրած գործողությունների մասին՝ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ չխնայելով Տեր-Պետրոսյանի հասցեին: Նա նկատել է, որ ողջ մեղավորությունն անձամբ Տեր-Պետրոսյանի վրա է, եւ հատկապես շեշտել է մարտի 1-ին տեղի ունեցած գործողությունները, որ ՛՛գծագրվել ու պլանավորվել են Տեր-Պետրոսյանի թիմի կողմից՛՛: Քոչարյանի պնդմամբ՝ ցուցարարների թիվը եղել է ոչ ավելի, քան 10-11 հազար:
Ըստ էության, Քոչարյանն այս հանգամանքով փորձել է արդարացնել իր ծավալած բռնությունները: Այդուհանդերձ, եթե անգամ հրապարակում 10-11 հազար մարդ հավաքված լիներ, իշխանությունը ոչ մի իրավունք չուներ դիմահար կրակ արձակելու հրահանգ տալ: Ավելին՝ Քոչարյանը պատրաստակամություն է հայտնել ձերբակալել ու պատժել բոլոր մեղավորներին: Հետաքրքիր է, որ Բրայզան անմիջապես հակադարձել է Քոչարյանին՝ նկատելով, որ իր տպավորությամբ այս ամենն արվում է Սերժ Սարգսյանի հեղինակությունը նվազեցնելու համար, ով հայությանն ու միջազգային հանրությանը համոզելու կարիք ունի այլեւս:
Փենինգտոնն արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես հստակեցրել է, թե իրավիճակի ամբողջ պատասխանատվությունն ինքը վերցնում է իր վրա, եւ եթե որեւէ մեղադրելու բան կա, ապա թող հե՛նց իրեն մեղադրեն: Հարկ է արձանագրել, որ Քոչարյանն այս խոսքերով ցույց է տվել, թե ով է իրականում կանգնած իրավիճակի սրելու թիկունքում: Ավելին՝ այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Քոչարյանը պատասխանատվություն է վերցրել նաեւ Մարտի 1-ի սպանությունների համար, քանզի, ըստ նրա, միայն իրեն պետք է մեղադրել: Ըստ այդմ, սույն փաստաթուղթը կարող է համարվել Քոչարյանի՝ մարտի 1-ի առնչությամբ տված առաջին ցուցմունքը՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: