23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

5-րդ ալիքը, Արմնյուզը և Հ2-ը չստացան հանրապետական սփռում. հայտնի են լիցենզիա ստացած Հ/Ը-երի անունները

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները:

Ավելի վաղ հանձնաժողովը հայտարարել էր մրցույթ 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար, և 9 սլոթ մայրաքաղաքային ծածկույթի համար: Այսօրվա նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական պայմանագրի համաձայն՝ ռուսական 1 հեռուստաալիք ստանում է հանրապետական սփռման արտոնագիր՝ առանց լիցենզիայի, և 2 ռուսական ալիք ստանում է մայրաքաղաքային սփռման արտոնագիր՝ առանց լիզենզիայի:

«Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,- ասաց Տիգրան Հակոբյանը

Նշենք, որ ավտոմատ հանրապետական մուլտիպլեքսում ընդգրկվում է  Հ1-ը:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ հունվարի 8-ին՝ Սկիզբ մեդիա կենտրոն ՍՊԸ-ն, իսկ հունվարի 13-ին՝ Հանրային Հեռուստաընկերություն ՓԲԸ-ն հետ են վերցրել հայտերը ու չեն մասնակցելու մրցույթին:

Հանրապետական սլոթում մնացած մյուս 5 տեղի համար պայքարում էին Արմնյուզ ՓԲԸ-ն,  Հ2-ը, Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Մուլտիմեդիա կենտրոն թիվի ՓԲԸ-ն (Կենտրոն ԹԻՎԻ), Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Մելտեքս ՍՊԸ-ն (Ա1+), Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն: Բացի Հ2-ից, Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ից և Մելտեքս ՍՊԸ-ն(Ա1+)-ից՝ մյուսները դիմել էին նաև մայրաքաղաքային սփռման համար:

Արդյունքում՝ մայրաքաղաքային սփռման մյուս 7 սլոթերի համար դիմել էին Դար 21-ը, Մո թիվի մեդիահոլդինգ ՓԲԸ-ն (Նոր Հայաստան), Արփի մեդիա ՍՊԸ-ը, Շանթ սպորտ ՍՊԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն, Արմնյուզ ՓԲԸ-ն, Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Մուլտիմեդիա կենտրոն թիվի ՓԲԸ-ն, ԱTV  ՍՊԸ-ն, Freenews ՍՊԸ-ն:

Տիգրան Հակոբյանը վստահեցրեց, որ վարկանիշային քվեարկությունը կատարվելու է օրենքի ու ՀՌՀ կարգի համաձայն, որոշումն ընդունելու են  ՀՌՀ 7 անդամները:

«Նրանց որոշումների վրա չեն ազդում ո՛չ քաղաքական փոփոխությունները, ո՛չ, եթե այդպիսին լինեին, քաղաքական ճնշումները, և հանձնաժողովը պատասխանատու է իր որոշումների համար: Արդյունքները մենք չգիտենք, բայց ես երեկ նշեցի, որ մենք սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել, որ որևէ ճնշում, որևէ ընկերական հարաբերություններ չեն գործում, և մենք առաջնորդվում ենք օրենքով, արժեքների մասին մեր պատկերացումներով և մեզ տված այն ահռելի փաստերով, որոնք մեզ ներկայացրել են հանձնաժողովի մեր ստորաբաժանումները: Եվ սա ասում եմ, որովհետև մենք քաղաքական շահարկումների պատճառով եղած ինֆորմացիոն հոսքերի, որը միշտ սպասվում է, երբ որ պարտվողներ կան, չենք մտնելու, նախապես ասում ենք, որ մենք առաջնորդվում ենք միայն օրենքով, մեր սկզբունքներով և մեր պատկերացումներով՝ հանրային մուլտիպլեքսի բովանդակության մասին, և գործող հեռուստաընկերությունների անցած ճանապարհով»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Մրցույթին մասնակցող հեռուստաընկերությունների ներկայացրած հայտերին գնահատական տալուց, ապա դրանք քարտուղարությանը ներկայացնելուց հետո հրապարակվեցին հաղթողների անունները:

Հանրապետական սլոթում ըստ հերթականության հեռուստաընկերությունները հավաքեցին հետևյալ վարկանիշները՝

Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ – 713

Հուսաբեր ՓԲԸ – (Երկիր Մեդիա)- 688

Շանթ ՍՊԸ – 680

Ա ԹԻՎԻ ՍՊԸ – 670

Մուլտիմեդիա կենտրոն ԹԻՎԻ ՓԲԸ – 663

Շարկ ՍՊԸ (5-րդ ալիք) – 657

Հ2 – 626

Արմնյուզ ՓԲԸ – 613

Մելտեքս ՍՊԸ -545

Freenews ՍՊԸ-531

Այս հեռուստաընկերություններից 7-ը դիմել էին նաև մայրաքաղաքային սփռման համար: Իսկ մայրաքաղաքային սփռման համար դիմած մյուս 4 հեռուստաընկերությունները հավաքել էին հետևյալ վարկանիշները:

Արփի մեդիա – 542

Դար 21 – 492

Մո թիվի – 463

Շանթ Սպորտ – 216

Արդյունքում՝ հանրապետական սփռման հնարավորություն ստացան նաև Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն, Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն և Մուլտիմեդիա կենտրոն ԹԻՎԻ ՓԲԸ–ն, իսկ մայրաքաղաքային սփռման համար մյուս 7 սլոթերում լինելու հնարավորություն ստացան Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Արմնյուզ ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Արփի մեդիան, Դար 21-ը, Մո ԹԻՎԻ-ն:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ