Զարուհի Փոստանջյանին մերժեցին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մերժել ”Ժառանգությոն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի`”Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Օրենքի նախագծով նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի համար պարտականություն սահմանել յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում հանդես գալ գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում իր կատարած գործունեության վերաբերյալ: Հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն նրա կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությունների, գրավոր և բանավոր հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը դիմելու, մշտական հանձնաժողովների և այն հանձնաժողովների նիստերին մասնակցելու, դրանց ընթացքում ունեցած ելույթների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարների ու պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումների, քաղաքացիներից ստացված նամակների և դրանց պատասխաների, քաղաքացիների ընդունելությունների, գործուղումների, սույն օրենքի 35-րդ հոդվածով սահմանված հայտարարությունների ժամին հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ։
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացվող հաշվետվության մեջ նախատեսվում են նաև պատգամավորի գործունեությանը վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնց ներկայացնելը նրա պարտականությունը չէ:
”Ազգային ժողովի կանոնակարգ” Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով հստակ սահմանված են պատգամավորի պարտականությունները, մասնավորապես՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել Ազգային ժողովի նիստերին, ինչպես նաև այն հանձնաժողովների, ենթահանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է, ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում, պահպանել էթիկայի և Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, ուսումնասիրել քաղաքացիներից ստացված առաջարկությունները և պատասխանել դիմումներին և այլն: Այդ առումով հիշյալ հաշվետվությունը չի կարող դիտարկվել որպես պարտականություն:
”Միաժամանակ նախագծի հետ ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում օրենսդիր մարմնի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու՝ ընտրողների առջև պատգամավորի հաշվետու լինելու ինստիտուտի ներդրման, ինչպես նաև պատգամավորների միջև մրցակցությունը խթանելու միջոցով: Այդ առումով նշենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քանակը պատգամավորի ակտիվության որոշման բավարար ցուցանիշ չէ:
Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը”,-պարզաբանեց նախարարը: