՛՛Սնիկերսը՛՛ ՛՛մենակ՛՛ ուտելու համար սերժանտները շարքային Սարգիսին հասցրել են ինքնասպանության. Ժամանակ
՛՛Ժամանակը՛՛ գրում է. ՛՛Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:
Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը ջոկերի հրամանատարներ են եղել, կոչումով՝ կրտսեր սերժանտ: Նրանք ընդգրկված են եղել հենակետում մարտական հերթապահության կազմում:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Միսակյանը ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերի հալածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Ս.-ին: Մեղադրել է, թե տնից ուղարկված սննդամթերքը մենակ է ուտում, սեռական բնույթի հայհոյանք է տվել, հեռախոսի մարտկոցը չտալու համար էլ բռունցքով հարվածել է զինվորի կրծքավանդակին:
2012 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում, ըստ դատական ակտի, հենակետի գետնատնակում Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը դարձյալ քննադատել են Սարգիսին, նրա արարքը՝ ուղարկված սննդամթերքը իբր թե մենակ ուտելը, համարել են չ….ն: Ըստ դատական ակտի՝ նվաստացնող վերաբերմունքի պատճառով տուժողը, գտնվելով ընկճված հոգեվիճակում, իրեն ամրակցված ինքնաձիգից գետնատնակի դիմաց կեսգիշերին կրակոց է արձակել և ինքնասպան է եղել:
Արթուր Միսակյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե մինչև օրս էլ տեղյակ չէ, թե իրականում ինչ է պատահել տուժողին: Սարգիսի հետ, ըստ ամբաստանյալի, բոլոր զինծառայողները եղել են նորմալ հարաբերությունների մեջ: Ինքն ու Արտաշեսը նրան վատ չեն վերաբերվել, երբևէ չեն վիրավորել: Չի եղել դեպք, որ Սարգիսը հենակետում մենակ ուտի, ու նրան դրա համար նախատեն: Արթուր Միսակյանը հայտարարել է, որ նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք տվել է վախի, սպառնալիքների ու ճնշումների ազդեցության տակ:
Արտաշես Խաչատրյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, միայն՝ որ առանց հենակետի ավագի թույլտվության գնացել է մեկ այլ հենակետ՝ կառուցվածքին ծանոթանալու:
Նոյեմբերի 4-ին ժամը 18-ից մինչև 18-ն անց 30 րոպե եղել է այդ հենակետում, իրեն սուրճ են հյուրասիրել: Հաջորդ օրն իմացել է, որ շարքային Սարգիս Ս.-ն մահացել է: Խաչատրյանը պնդել է, որ նրանց հենակետում եղած ժամանակ ինքը Սարգիսի հետ չի խոսել, նրան չի վիրավորել, չի ծաղրել, նման բաներ անելու մտադրություն չի ունեցել:
Դատարանն արժանահավատ է գնահատել ամբաստանյալ Արթուր Միսակյանի նախաքննական ցուցմունքները:
Արթուր Միսակյանը, ըստ դատական ակտի, իր պաշտպանի ներկայությամբ որպես կասկածյալ և որպես մեղադրյալ ցուցմունքներ է տվել, թե հենակետ գնալու ճանապարհին Սարգիսն իրեն ասել է, թե տնից ուտելիք են ուղարկել, մեջը «Սնիկերս» կա, հասնեն հենակետ, միասին կուտեն:
Հաջորդ օրը հենակետում ինքը Սարգիսին ասել է, որ «Սնիկերսը» բերի՝ ուտեն, բայց Սարգիսը պատասխանել է, թե համածառայող Թովմասի հետ արդեն կերել է՛՛,- գրում է թերթը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: