05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Օմբուդսմենը հղիների նպաստի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել

   Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` վեր հանելով հղիներին տրամադրվող պետական նպաստի կրճատում նախատեսող օրինագծի խնդրահարույց կետերը: Պաշտպանն առաջարկել է անցկացնել պատշաճ հանրային քննարկումներ շահագրգիռ կառույցների հետ եւ արդյունքում վերանայել նախագիծը:

    Օրինագծով կնոջը նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար գումար կտրամադրվի միջին աշխատավարձի 40, 60, 80 տոկոսի չափով՝ կախված միեւնույն գործատուի մոտ կնոջ աշխատանքային ստաժից: Այսինքն՝ ոչ միայն էապես նվազում է ստացվող գումարի չափը, այլեւ այն կախման մեջ է դրվում նույն աշխատավայրում աշխատելու հանգամանքից: Օմբուդսմենը մտահոգ է, որ նման պահանջը կարող է սահմանափակել կնոջ աշխատանքի ընտրության սահմանադրական ազատությունը եւ հանգեցնել գործատուների կողմից աշխատանքային իրավունքների չարաշահման:

       Միաժամանակ, օրինագծով սահմանվում է նպաստի առավելագույն շեմ, մինչդեռ գործող օրենքով 140 օրվա համար տրվում է 100 տոկոսանոց փոխհատուցում: Փաստորեն, առաջարկվող փոփոխություններից հատկապես կտուժեն բարձր աշխատավարձ ստացող կանայք, քանի որ նրանց վճարվելիք նպաստը անհամաչափ է լինելու վճարած բարձր հարկերին:

      Օրինագիծը նաեւ անհամեմատ անբարենպաստ պայմաններ է ստեղծում այն կանանց համար, ովքեր արդեն իսկ հղիացել են գործող օրենքի ժամանակ: Ստացվում է, որ նրանց վրա տարածվելու են օրինագծով առաջարկվող ավելի վատթար պայմանները՝ այսպիսով խախտելով օրինական ակնկալիքի սկզբունքը:

     Ընդգծելով հղի կանանց սոցիալական երաշխիքները վատթարացնելու անթույլատրելիությունը՝ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն անհրաժեշտ է համարում պատշաճ հանրային քննարկումների անցկացումը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը պատրաստակամ է վերոնշյալ խնդրահարույց կետերը եւ դրանց վերանայման ճանապարհները քննարկել շահագրգիռ բոլոր պատգամավորների հետ:

 

 

Պաշտպանի աշխատակազմ

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ