Օգտագործելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտերմությունը շորթել է $120 հազար. Ժամանակ
՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ՛՛Ֆինանսական բուրգի՛՛ գործով դատական քննությունը:
41-ամյա Արթուր Անդրեասյանը բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվել է փաստացի անվճարունակ վիճակում:
2010 թվականի հունիսին Անդրեասյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ոստիկանության ղեկավար պաշտոններ զբաղեցնող Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևանում գործող ՛՛Մոսկվիչկա՛՛ խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ ունեցած մտերմության, դրանով պայմանավորված՝ իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով, ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի գումարները և ձեռք է բերել իրավունք՝ նրանց անշարժ գույքի նկատմամբ:
Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի դրվագով կատարված խարդախությունների համար:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նա մշտապես գանգատվում է առողջական վիճակի վատացումից, շատ նիստեր հետաձգվում են ամբաստանյալի վատառողջության, ուժեղ գլխացավերի պատճառով:
Դատարանն այս դատական նիստի սկզբում հարցաքննեց միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչ, փորձագետ Գագիկ Հարությունյանին՝ ամբաստանյալի առողջական վիճակի վերաբերյալ տրված եզրակացության կապակցությամբ:
Ամբաստանյալի գլխուղեղում, ըստ ավելի վաղ կատարված բժշկական հետազոտության արդյունքների, կա կիստա, որի չափերը ժամանակի ընթացքում մեծացել են:
Միջգերատեսչական հանձնաժողովը Արթուր Անդրեասյանին ենթարկել է միայն արտաքին զննման, մասնավորապես՝ կիստայի չափերը պարզելու համար համակարգչային և այլ հետազոտություններ չեն կատարվել:
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ տվյալ դեպքում հանձնաժողովի համար հիվանդության ծանրությունը որոշելու առումով կիստայի չափերը կարևոր չեն եղել, դրանք կարևոր են բուժական տեսակետից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: