Սկսվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով ժամանել է Իրան: Թեհրանի “Մեհրաբաղ” օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն ուղեւորվել է ԻԻՀ թագավորական “Սաադաբադ” պալատ, որտեղ կայացել է Հովիկ Աբրահամյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։
Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Էսհաղ Ջահանգիրիին Իրան այցելելու հրավերի համար եւ համոզմունք հայտնել, որ այցը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի առավել ամրապնդմանը եւ նոր լիցք կհաղորդի փոխշահավետ գործակցությանը: “Այսօր կարելի է փաստել, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, որի վառ ապացույցներից են երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների հաճախակի փոխայցելությունները: Համոզված եմ, որ հայ-իրանական համագործակցությունը նպաստում է նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ամրապնդմանը”, -ասել է Հովիկ Աբրահամյանը:
ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել իր հրավերն ընդունելու եւ Իրան այցելելու համար ու բարձր գնահատել երկու երկրների հարաբերությունների ներկայիս մակարդակը: Է.Ջահանգիրին նշել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին եւ վստահություն հայտնել, որ վարչապետ Աբրահամյանի պաշտոնական այցը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ եւ պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու եւ դրանք կյանքի կոչելու համար: Այս համատեքստում կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի դերը, որի շրջանակում հնարավորություն կլինի իրականացնել համագործակցության ծրագրերը:
Կողմերը եւս մեկ անգամ շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը եւ փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում:
Վարչապետ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաեւ հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Հովիկ Աբրահամյանի եւ Էսհաղ Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները: Քննարկվել են տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին եւ դրանց հեռանկարներին: Այդ համատեքստում եւս մեկ անգամ կարեւորվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը նաեւ գյուղատնտեսության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, մշակույթի, կրթության, արտակարգ իրավիճակների, զբոսաշրջության ոլորտներում:
Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանն Էսհաղ Ջահանգիրիին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: