Հայ մամուլ, հայ կայք, հայ չորրորդ իշխանություն
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, “Առավոտ” օրաթերթի նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Այսօր տոն է եւ տոնի անունը եթե անգամ Հայ մամուլի օր է, կամ մեկ այլ բան, միեւնույնն է՝ այս տոնը լրագրողներին է, մամուլի տպագիր եւ ոչ տպագիր միջոցներում աշխատողներինը, սրբագրիչով-էջկապով եւ այլ պատասխանատու աշխատողներով:
Շնորհավորում եմ բոլորին եւ մաղթում բեղմնավոր աշխատանք, արժանապատիվ աշխատավարձ, սենսացիներից անպակաս լինեք, վազքի մեջ լինեք, սեփական նյութի համար ծեծվելու եւ սպառնալիք լսելու պատրաստ լինեք, մեկդ մյուսին պաշտպան լինեք, բայց, ամենակարեւորը՝ ՄԻՇՏ ԼԻՆԵՔ, քանի որ դուք եք բոլոր իրադարձությունների ԱՂԸ, դուք եք, որ համ ու հոտ եք տալիս մարդկանց, հաճախ՝ անգույն եւ գորշ առօրյային, դուք եք, որ ստիպում եք ձգվել, ստիպում եք՝ չկորցնել զգոնությունը, պարտադրում եք մնալ շրջանակի մեջ, թույլ չեք տալիս, որ անսանձներն ավելի ու ավելի անսանձ դառնան, հայհոյողները՝ հայհոյեն, կռվարարները՝ կռիվներ սարքեն, իշխանությունները՝ չափը անցնեն, ընդդիմությունները՝ պասիվ մնան, պաշտոնյանները՝ չմոռանան իրենց պարտականությունները, անգործները՝ հույս ունենան, որ գործ կգտնեն…
Շարքը անվերջ է եւ վերջակետ չկա, հարգելի լրագրողները, մամուլի աշխատողներ, սիրելի խմբագիրներ, էջադրողներ, սրբագրիչներ, դուք եք այն ամենազոր արկղը, որի մեջ են բոլոր հարցերրի պատասխանները:
Մնացեք միշտ այդպիսին, մի դավաճանեք չորրորդ իշխանության սկզբունքներին, մի դարձեք ալարկոտ եւ բարգավաճող, մի դարձեք կուշտ ու ապահով, եղեք կիզակետում, եղեք առաջին գծում, եղեք բերմունդյան եռանկյունու կենտրոնում ու ետ վերադարձեք, քանի որ դուք եք ԶՍՊԱՇԱՊԻԿԸ, դուք եք ՈՒԺը եւ դուք եք այն ԼՈՒՅՍԸ, որը մարդկանց հիշեցնում է, որ իրենք մարդ են, պաշտոնյային հիշեցնում է, որ պաշտոնն անցողիկ է, իշխանությանը զգոնության եւ աշխատանքի է մղում, ընդդիմությանը թույլ չի տալիս անտեղի փքվել եւ խաբել հասարակությանը եւ այս երկուսին միասն պահում է անդունդի եզրին:
Շնորհավոր տոնդ, մամուլի աշխատող, այս տոնական օրը եւս մի մոռացեք, որ դուք գործ ունեք ՄԱՐԴՈՒ հետ, ով էլ նա լինի, ինչ գնի կամ ինչ մաշվածության հագուստ էլ լինի նրա հագին, դրա տակ Աստծո ստեղծած մարդն է՝ իր թերություններով, հոգսերով, հիմարությամբ, խելքով եւ անխելությամբ, իր ստորությամբ եւ առաքինություններով, իր գործած , չգործած եւ դեռ գործելիք մեղքերով, մի մոռացեք սա, որովհետեւ դուք եք այդ ՄԱՐԴԸ……Շնորհավոր տոն….”: