Ալեն Սիմոնյանի մուրազը կատարվեց․ թմրամիջոցները օրինականացվո՞ւմ են
Հիշո՞ւմ եք, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում էր, թե «մարիխուանայի օրինականացումը Հայաստանում ժամանակի խնդիր է»: Այս օրերին մինչ հանրության մտահոգություններն ու առաջնահերթություններն այլ են, կարծես թե կամաց-կամաց օրինականացվում է Ա. Սիմոնյանի երազանքը, գրում է Իրավունքը։
Այսպիսով` խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Փաթեթի ամբողջական ընդունման դեպքում կթույլատրվի գիտական եւ ուսումնական նպատակներով թմրամիջոցների ու հոգեմետ դեղերի օգտագործումը:
Նախատեսվում է թույլատրել թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը գիտական ու ուսումնական նպատակներով եւ փորձագիտական գործունեության ընթացքում` համապատասխան լիցենզիայի առկայության պարագայում: Նաեւ նախատեսվում է, որ համապատասխան լիցենզիայի տեսակով լիցենզավորվելուց հետո` փորձագիտական եւ գիտաուսումնական կենտրոնները հնարավորություն կունենան ապահովել խիստ հսկվող նյութերի շրջանառությունը: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 «կողմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ