“WikiLeaks”-ը կհրապարակի Սիրիայի ղեկավարության գաղտնի նամակները
“WikiLeaks” կայքը, որը հայտնի է ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության հրապարակմամբ, պատրաստվում է հրապարակել սիրիացի չինովնիկների 2,4 մլն էլեկտրոնային նամակներ: Կայքի ղեկավարությունը հայտնել է, որ իրենց ձեռքում է գտնվում սիրիական 680 պետական հաստատությունների նամակներ` ներառյալ քաղաքական գործիչների, նախարարների եւ նրանց հետ կապված գործարարների, դիվանագետների եւ ֆինանսիստների նամակագրությունը:
Արխիվում կան նաեւ սիրիական պաշտոնական անձանց` արտասահմանյան` ռուսական ընկերությունների հետ գործարքների մասին փաստաթղթեր: Դրանցից առնվազն 68 հազարը ռուսերեն լեզվով են: Փաստաթղթերի հրապարակումը կտեւի 2 ամիս եւ կիրագործվի լիբանանյան, եգիպտական, գերմանական, իտալական, ֆրանսիական եւ իսպանական ԶԼՄ-ների հետ:
Թե ինչ աղբյուրից է կայքն ստացել սիրիացի չինովնիկների գաղտնի փաստաթղթերը, առայժմ հայտնի չէ: 2012-ի մարտին բրիտանական “The Guardian”-ն արդեն հրապարակել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի եւ նրա կնոջ` Ասմայի նամակագրությունից ընտրված հատվածներ:
Ինչպես արդեն հայտնի է, “Wikileaks”-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ներկա պահին գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը` զգուշանալով բրիտանական ոստիկանության կողմից ձերբակալվելուց: Շվեդիայում նրան մեղադրում են մի շարք սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ: Ասանժը համոզված է, որ Շվեդիան ցանկանում է իրեն հանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրա դեմ գործ է հարուցված գաղտնի ինֆորմացիայի հրապարակման համար:
“Wikileaks”-ի ամերիկյան ինֆորմատոր Բրեդլի Մենինգի դեմ եւս մեղադրանք է հարուցված: Այժմ նա գտվում է ձերբակալման մեջ: Նրան եւս մեղադրում են 2 տասնյակ հանցագործություններում: ԱՄՆ-ի օրենքներով` նրան հնարավոր է նաեւ մահապատիժ սպառնա: