«Դու զրո ես, Նիկոլ, զրո՛, մնում ես՝ ի՞նչ անես, քեզ ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում. դու ինքնասպան եղած քաղաքական գործիչ ես». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Փաշինյանի կողմից Արցախի կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումը Հայաստանի վերջին 100-ամյակի ամենախայտառակ էջն է:
«Սա նույնիսկ ոչ պակաս աղետ է, քան նույնիսկ Ցեղասպանությունը, որովհետև Ցեղասպանության ժամանակ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել. 2 հայկական պետությունների առկայության պայմաններում, հզորագույն դաշնակցի առկայության պայմաններում, որի հետ 2.5 տարում Նիկոլ Փաշինյանը փչացրեց բոլոր հարաբերությունները, ժղովրդից ծածուկ ստորագրել կապիտուլյացիայի ակտ, անել ամեն ինչ, որպեսզի թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատում մենք պարտվենք, սա խայտառակություն է: Հողատու Նիկոլը, ուզի թե չուզի, պետք է գնա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ այս արհավիրքի միակ պատճառը Նիկոլ Փաշինյանն է. «2.5 տարի ինքը բերել՝ հանգեցրել է սրան: Պատերազմի 44 օրվա ընթացքում էլ խաբել է ժողովրդին, 100 տոկոս սուտ ինֆորմացիա է տվել, որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ նա մինուս անվերջություն է, ինչպես գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն է ասել՝ երրորդ օրը կանգնեցրել է բանակի համալրումը, իսկ 2018թ. սկսած՝ գնել զենքեր, որոնք, էլի Մովսես Հակոբյանի խոսքով՝ չեն կրակել: Ժեշտի կտորներ է առնում, որ սելֆի անի: 950 հազար քառակուսի կիլոմետր այս մարդու պատճառով կորել է»:
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս հեղինակություն չունի. «Այս մարդը քաղաքական անմեղսունակության, դավադրության և դավաճանության պարզ օրինակ է, ես էլ ո՞նց բացատրեմ: Ասում է՝ նախկիններ. Նախկինների ժամանակ 4 օրում պատերազմ է ավարտվել, ու Ադրբեջանն է մուրացել, 1994թ. զինադադարից չենք հրաժարվել, Հայաստանին ագրեսոր ու կապիտուլյանտ չեն համարել, Վիեննա և Սանկտ Պետերբուրգ ենք Ադրբեջանի ծոծրակին դրել, որն Ալիևն է ստորագրել, և նույն Ալիևն էլ իրենց կառավարության նիստում ասում էր, որ միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Արցախի անկախությունը: 2016թ. որևէ բնակավայր թուրքերը չեն կարողացել գրավել: Այսօր ի՞նչ ունենք՝ այսօր ունենք 44 օր Նիկոլի և իր ֆեյքաֆերմաների սուտը՝ հաղթում ենք, հաղթում ենք, էն դեպքում, որ թե՛ ռազմական առումով համալրում չի արվել, 2018-20թթ. սխալ զենքեր են առել, և ինչպես Մովսես Հակոբյանն էր նշում՝ 2018 թվականից գնված ոչ մի զենք չի կրակել, էլի Սերժի ժամանակվա զենքերով են խփել այդ «Բայրաքթարները», ԳՇ պետն իրեն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, չի կանգնեցրել, Պուտինն իրեն առաջարկել է ավելի լավ պայմաններով, չի կանգնեցրել. Ի՞նչ նախկին: Նախկինները Շուշի են ազատագրել, Արցախ են ծաղկեցրել, իսկ ինքը Շուշին դժգույն քաղաք է համարում: Նիկոլ Փաշինյանը ավարտված գործիչ է, կապիտուլյացիա ստորագրած գործիչ է, իր ճակատին գրված է՝ դավաճան, հողատու»:
ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց. «Նիկոլ Փաշինյանն է տարածքների կորստի և անմեղ զոհերի պատճառը, բայց աներեսի նման գնում և մասնակցում է զոհերի հոգեհանգստի արարողությանը… ես բառ չեմ գտնում: Այս մարդն ավարտված գործիչ է, վաղը ի՞նչ է բանակցելու: Ալիևը նրան ձեռք է առնում, դաշնակից Ռուսաստանի եթերներում բոլորը ձեռք են առնում, մի հատ քաղաքական ուժ չկա իր կողքին, նույնիսկ իր հաճախորդ քաղաքական ուժերը չեն պաշտպանում»:
Նա շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը քարտ-բլանշ է տվել Ալիևին՝ պատերազմ սկսելու համար. «Ես հազար անգամ դա ասել եմ: Մեր ժամանակ Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ երեկ Արցախի նախագահը ասում է՝ Ռուսաստանը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, Հայաստան չկա: Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, բայց Նիկոլը զրոյացրել է Հայաստանը: Դրա համար էլ նա Ալիևին ձեռք է տալիս: Ալիևին պետք է մեկը, որին ինչ ասի՝ անի: Նա ծնկի է բերել Նիկոլին, հիմա էլ ուզում է այդ պայմանագրում այնպիսի կետեր մտցնի, որ խելոք կատարի: Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովել: Նա քաղաքական իմպոտենցիայի վառ ներկայացուցիչ է: Մնում ես՝ ի՞նչ անես, դու ո՞նց ես բանակցելու, քեզ բանի տեղ դնող չկա: Նախկին մեր ո՞ր ղեկավարի հետ է Ալիևն այդպես անարգանքով խոսել, մեր նախկին ղեկավարները որ միջազգային ասպարեզում խոսում էին, կիսենք նրանց կարծիքը, թե ոչ, ազգային հպարտություն էինք զգում: Իսկ սա վիզը ծուռ դիմավորում է ՌԴ պատվիրակությանը: Դու զրո ես, Նիկոլ, զրո՛, մնում ես՝ ի՞նչ անես, քեզ ո՛չ դրսում են բանի տեղ դնում, ո՛չ ներսում: Բոլորը, ովքեր հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանները կատարում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Էս ի՞նչ ծիծաղելի բան է՝ սպանության փորձ. Ո՞ւմ է պետք՝ քեզ սպանի, դու ինքնասպան եղած քաղաքական գործիչ ես: Նիկոլ Փաշինյան, դու օրը մի քանի անգամ քեզ քաղաքական ինքնասպանության ես ենթարկում, մնում ես՝ ի՞նչ անես»:
Ռազմիկ Մարտիրոսյան
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում