Ցորենի սերմը այլասերվել է
“Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ողջունում է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը “Վանաձոր Քիմպրոմ” ՓԲԸ-ում կարբամիդ արտադրելու մասին: Հրաչ Բերբերյանի խոսքով, հայ գյուղացին այս պարարտանյութի կարիքն ունի: Ինչ վերաբերվում է կալիումական պարարտանյութի արտադրությանը, Հրաչ Բերբերյանի խոսքով, եթե կարող են ստանալ այն կառուցվածքը, որը բույսը կարողանա կլանել, ողջունելի կլինի:
Խոսելով այս տարվա ծիրանի բերքից, Հրաչ Բերբերյանն ասաց, որ միակ տարածքը Էջմիածնի տարածաշրջանն է, որտեղ ծիրանի բերք չկա: Մյուս տարածաշրջաններում պատվաստումներ կատարելուց հետո քառասուն տոկոսով ծիրանի բերքը բարձր եղավ: Ինչ վերաբերվում է ցորենին, Հրաչ Բերբերյանի խոսքով, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզերում մոտ չորս հազար հինգ հարյուր հեկտար ցորենը աճ չի տվել:
“Սա այն ցորենն է, որը Հայաստանում չի սորտափորձարկվել: Արդյունքում ունենք այլասերում, այսինքն` այդ բույսը ՀՀ կլիմայական պայմաններում չի աճել: Այդ բույսը չի հավաքվի` 17- 20 սանտիմետրը ոչ մի կոմբայն չի հավաքի”,-հայտարարեց Հրաչ Բերբերյանը եւ հավելեց, որ Հայաստանը նախորդ տարվա համեմատ, 12 հազար տոննա ցորեն, 10 հազար տոննա ալյուր եւ 6 հարյուր տոննա ավել մակարոն է ներկրել:
“Բա ո՞ւր է մեր ռեկորդային ցորենը”,-տարակուսեց բանախոսը: Հրաչ Բերբերյանի խոսքով, սերմերի ութ տեսակից վեցը անհայտ սորտեր են: Հրաչ Բերբերյանի խոսքով, ոլորտի պատասխանատուները սորտափորձարկում չանցկացնելու համար պետք է պատժվեն.“Դիմում եմ վարչապետին, պատժել պատասխանատուներին, իսկ գյուղացիներից գումար չպահանջել: Էլ չեմ ասում, որ գյուղացուն տարեկանով վարակված սերմեր են բաժանվել, չզտված, էդ կադրերն էլ կան”: