”Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է”. քառյակը նիստ է արել
Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակն այսօր նիստ է հրավիրել, որից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ”Շրջանառության հարկի” վերաբերյալ վերջին զարգացումները և լուծումներն առաջարկում են քննարկել ԱԺ նախագահի մոտ:
”Եթե մենք չգանք որոշակի համաձայնության՝ սկսած օրենքի կասեցումից մինչև նոր օրենքի քննարկում, մենք կօգտագործենք քաղաքական ”զինանոցի” այլ գործիքներ, այն է՝ կրկին կկազմակերպենք արտահերթ նիստ”,-ասաց նա:
Հիշեցնենք, 2014-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ”Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում կատարված լրամշակումները, ըստ որոնց՝ նախատեսվում է, որ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է յուրաքանչյուր առանձին ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն հարկային մարմնին։
Հարցին՝ երեկ տապալված արտահերթ նիստից հետո հույսեր կան դարձյալ հավաքվելու եւ արդյոք ՀՀԿ-ն զիջումների կգնա, Մելքումյանը պատասխանեց.
”Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և մենք հույսերով չենք խոսում, այլ հստակ քայլեր ենք ասում: Եթե մեր քայլերն ընկալվում են, համարժեք արձագանք է լինում, կառուցողական երկխոսություն է ակնկալվում, ուրեմն` մենք պետք է առաջ գնանք։ Այսինքն` մենք խնդիրը չենք քաղաքականացնում և որևէ քաղաքական կամ կուսակցական դիվիդենտ շահելու խնդիր չունենք, պարզապես մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների խնդիրն ենք լուծում”: