”Ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին”. պատգամավորները հեռացան դահլիճից
Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց Բրյուսելում ստորագրված մի քանի տեխնիկական համաձայնագրեր, սակայն պատգամավորները մոռանալով քվեարկության առարկան, անցան ”Շրջանառության հարկի” մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների թեմային:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկեց. ՛՛Գյումրիում մեծ հանրահավաք է հիմա սրա հետ կապված, և մենք պետք է հարցը չքաղաքականացնենք ու կուսակցականացնենք: Որևէ կուսակցություն քաղաքական դիվիդենտ չպիտի ակնկալի’’:
Նույն առաջարկով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ՛՛Դա լավագույն տարբերակն է, որից հետո ստիպված կլինենք ստորագրություններ հավաքել արտահերթ նիստի համար’’,-ասաց:
ԱԺ նախագահը կատակեց՝ ՛՛համաձայնագրում շրջանառության’’ հարկի հետ կապված հարցեր չկային: Երկու օր առաջ իրենք էին առաջարկել նման քննարկում կազմակերպել, իսկ ոչ իշխանականները հրաժարվել էին, հավելեց մեծամասնության խմբակցության ղեկավարը:
՛՛Շատ հետաքրքիր քառյակ-եռյակ է ձևավովել. երկու օր առաջ մենք էինք անում, գնացիք խորհրդակցության, մեկը եկավ, համաձայնեց, մեկը եկավ` ոչ, դուք գնացիք այլ ճանապարհով: Հիմա մեր փոխարեն դուք եք առաջարկում: Ինչ պատահեց մի օրվա մեջ, մենք դեմ չենք հավաքվելու, ուզում էիք լարումներ կպցնեիք, լավամարդ լինել’’:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ շեշտեց, որ այս հարցը տնտեսական բնույթի խնդիր է, ոչ քաղաքական: Գալուստ Սահակյանը համաձայնեց և խմբակցությունների ներկայացուցիչներին 13:30 հրավիրեց իր մոտ քննարկման:
‘’Պարոն նախագահ, արեք, էս մի անգամ մի քննարկեք, ժողովրդի սրտով անենք, բերեք, ոնց կա, տենց թողեք, մարդիկ գնան աշխատեն, էլ ի՞նչ պիտի քննարկեք, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին, մի տասը օր պիտի քննարկենք, մի քսան օր էլ պիտի քվեարկենք’’,-արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:
ԱԺ նախագահն էլ պատասխանեց, թե հակված է մասնագիտական կարծիք լսելու: ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն ընդգծեց. ‘’Մենք կարծես թե անցնում ենք քննարկման փուլ, բայց արդեն կհավաքվենք ու այդ ժամանակ կանենք այն: Սպեկուլյատիվ պահվածքի ջատագովները փորձեր են անում խոսելու, լոզունգներով ու կոչերով չեն լավ գործ անում’’: Ապա պատգամավորներն անցան քվեարկության բուն հարցին:
Սակայն քվեարկությունն այդպես էլ չկայացավ, տեխնիկական անսարքության խնդիր էր: ”Ձեր խոսքից սարքավորումներն էլ լռեցին”,-ասաց ԱԺ նախագահը, իսկ պատգմավորները լքեցին դահլիճը: