Ջհանգիրյանի դստեր պատճառով դպրոցում բորբոքված կրքերը դեռ չեն մարել. Ժամանակ
“Ժամանակը” գրում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում ուսումնական տարին թեեւ գործադուլով մեկնարկեց, սակայն հիմա համեմատական անդորր է:
“Նախկին տնօրեն Երվանդ Սարգսյանը հուլիսի 15-ին աշխատանքից ազատվել էր առողջական խնդիրների պատճառով: ԿԳ նախարարի հրամանով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված դպրոցի փոխտնօրեն Հերմինե Դավթյանը տարեսկզբին անակնկալի էր եկել, երբ հրավիրել էին ԿԳ նախարարություն եւ ծանոթացրել նախարարի հրամանով դպրոցի տնօրենի նոր պաշտոնակատարի՝ Կլարա Ջհանգիրյանի հետ: Վերջինս Գագիկ Ջհանգիրյանի դուստրն է, ով, Հերմինե Դավթյանի խոսքով, գալիս է դպրոց թիկնապահով եւ սպասարկվող մեքենայով:
“Ժամանակի” հետ զրույցում Հերմինե Դավթյանը նշեց, որ հիմա տնօրենի պաշտոնակատար Կլարա Ջհանգիրյանը գալիս է դպրոց, բայց դեռ ամեն ինչ խմորման մեջ է: Հոկտեմբերի 27-ին կկայանա դպրոցի տնօրենի մրցույթ, իսկ փոխտնօրենը մտահոգություն ունի:
“Ես ինքս թույլ չտվեցի շարունակել դասադուլը, քանի որ իսկապես տհաճ վիճակ էր, ես ինքս իմ տեղը չէի գտնում, երեխաները մեղք չունեին այդ ամենի համար, պահել երեխաներին այդքան ժամ դպրոցում անգործ, այդ մոտեցումը ճիշտ չէր, ես ինձ վատ էի զգում, եւ ամեն մի երեխայի համար դողում էինք, Աստված չաներ մի դեպք լիներ, ես չէի ուզի այդ մեթոդով”,- ասաց նա` նշելով, որ շուրջ 23 տարի աշխատել է 139 դպրոցում, 28 տարի փոխտնօրեն է աշխատել, եւ հիմա իր մեջ վիրավորանքն է խոսում:
“Աշխատանքից հետո օրը վերջացել էր, հինգին ինձ զանգահարեցին կանչեցին նախարարություն, չասացին պատճառը, գնացի տեսա՝ ինքը նստած էր, եւ իբրեւ թե ես երկու աշխատանք եմ կատարում, որոշել են ինձ օգնել, ընդամենը դա, բայց ասում էին, որ շատ գոհ են եղել իմ աշխատանքից, շատ ոգեւորված են եղել: Եթե մի քիչ գոնե 50 տոկոս ինձ մրցակից տեսնեի, հանգիստ կլինեի, ես էլ իմ տեղում կաշխատեմ, բայց նա մինչեւ հիմա որեւէ ժողով չի արել, այն ժամանակ կաբինետից դուրս չէր գալիս, հիմա էլ դրսից ներս չի մտնում, թիկնապահով եւ պադավատով գալիս է, իր համար գնում է, երբ իրեն է հարմար, ինքը դժվար թե այս հինգ տարվա ընթացքում տնօրեն դառնա, եթե նույնիսկ լավ աշխատի”,- ասաց փոխտնօրենը”,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: