Սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու
Ներկայում մեր երկիրն իր չափերից շատ ավելի մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի սրվող աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանի ու հայերի շահերը միշտ եւ ամենուր հաշվի առնվեն, որպեսզի Հայաստանի եւ հայերի առջեւ առաջ եկող մարտահրավերները ժամանակից շուտ չեզոքացվեն, ու որպեսզի մենք շարունակենք մնալ մեր խնդիրներին հետամուտ ու բացճակատ գործող երկիր՝ անկախ չափերից ու նավթային հնարավորություններից:
Միայն մեկ ամսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մինչեւ Սուրբ Աթոռ, ՄԱԿ-ի ամբիոնից մինչեւ աշխարհի առաջատար մամուլ, պաշտոնական Երեւանն այնքան հստակ ու հաստատակամ հանդես եկավ, որ, օրինակ, հարեւան երկրի բռնապետին մնացել է միայն վերցնել Սերժ Սարգսյանի ելույթները ու վերահնչեցնել դրանք իր անունից:
Չե՞ք հավատում, վերցրեք Հեյդարի որդու վերջին ելույթը ու հազիվ թե կարողանաք ծիծաղներդ զսպել. մարդը ելույթ է ունենում Հայաստանում ադրբեջանատյացության տարածման կամ բռնապետություն ստեղծելու մասին:
Չեմ զարմանա, եթե բռնապետի հաջորդ ելույթները լինեն Հայաստանի նավթադոլարների մասին: Մարդը հոգեխանգարմունքի մեջ է ընկել, ի՞նչ կա որ: Հալեպում մնացած հայերի անվտանգություն, Միջին Արեւելքում հայկական մշակութային ժառանգություն, մեր եզդի բարեկամներին պատուհասած ծանր փորձություններ, Թուրքիայի երկդիմի կեցվածք, Ցեղասպանության ընդունման այլընտրանքի բացակայության ամրագրում, ադրբեջանական ստերի հրապարակային բացահայտում ու նվաստացում, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովում. սա խնդիրների այն ամենեւին էլ ոչ լրիվ ցանկն է, որը Հայաստանն անհավատալի համառությամբ ու գերջանքերով առաջ է տանում այս օրերին: Հարցեր, որոնք կապ ունեն պետության, հայրենիքի ու մեր ժողովրդի հետ: Հարցեր, որոնցով կարծես թե պետք է լցվեր նաեւ ներքաղաքական օրակարգը:
Բայց ես այն տպավորությունը չունեմ, թե մեր քաղաքական որոշ ընդդիմախոսներ երկար քննարկումների մեջ են այս թեմաների շուրջ նոր առաջարկներով հանդես գալու համար: Փոխարենը առավոտից մայրամուտ ինքնամփոփ պայքար է դեռ չգրված մի հայեցակարգի շուրջ, եւ առավոտից մայրամուտ հնչում է նույն դարդը. “Սահմանադրական բարեփոխումներ են ուզում անել, որ մեր թեկնածուն նախագահ չդառնա”: Զարմանում եմ, որ դեռեւս չի հայտնվել մեկը, ով ավելի լավ է հասկանում իրողություններից եւ հանգիստ ու տրամաբանված կբացատրի, թե՝ սիրելինե′րս, որ սահմանադրությունը չփոխվի էլ, ձեր թեկնածուն չի անցնելու, դժվա՞ր է հաշվարկել: Հապա ի՞նչ իմաստ ունի փորձել արգելակել երկրի առաջընթացը, դառնալ զարգացման հակառակորդ, հետադիմության սիմվոլ: Օգուտը ո՞րն է: Ուրեմն եթե հետաքրքրված չեք երկրի ու ազգի համար կենսական խնդիրներով, գոնե կարելի է չդառնալ հետ քաշող բեռ: