ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությանը /ֆոտո/
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ եւ հույն ժողովուրդների բարեկամությունը պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքով, պատմական ընդհանուր անցյալով, հոգեւոր եւ մշակութային արժեքների, ազգային հատկանիշների ընդհանրությամբ: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ Հունաստանի նախագահի այցը Հայաստան նույնպես կնպաստի հայ-հունական բարեկամության եւ քաղաքական երկխոսության առավել խորացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հայ-հունական միջպետական համագործակցության հետագա ընդլայնման եւ խորացման հարցում առանձնահատուկ դեր է վերապահում օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ հետագա ընդլայնմանը: Նա գոհունակությամբ փաստել է, որ այսօր հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում: Երկու երկրների խորհրդարաններում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, սակայն դրանց գործունեությունն ու պատվիրակությունների փոխայցելությունները ակտիվացնելու անհրաժեշտություն կա եւ ակնկալիք նույնպես, որ խորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ՝ շարունակելով արդեն իսկ ձեւավորված ավանդույթը:
Ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստանը շահագրգիռ է խթանելու միջխորհրդարանական փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլեւ բազմակողմ եւ առանձնահատուկ նշանակություն է տալիս տարբեր միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում՝ մասնավորապես, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՍԾՏՀ, ինչպես նաեւ Եվրանեսթ-ում բարեկամ պատվիրակությունների համագործակցությանը:
Գալուստ Սահակյանը նշել է, որ մտահոգիչ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունական պատվիրակության ղեկավար Դորա Բակոյանիսի գործունեությունը, որի ջանքերի շնորհիվ շրջանառության մեջ դրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ մի փաստաթուղթ: Դա արվել էր առանց Հայաստանի պատվիրակության հետ խորհրդակցելու: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման քննարկումները Եվրոպայի խորհրդի հարթակ տեղափոխելը վտանգավոր է եւ մեծապես կվնասի խաղաղ կարգավորման գործընթացին:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերների՝ Լեռնային Ղարաբաղի եւ կիպրոսյան հիմնախնդիրների շուրջ Հայաստանի եւ Հունաստանի դիրքորոշումները միմյանց չեն հակասում, ինչից ելնելով էլ հայկական կողմն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել կիպրոսյան հիմնահարցի կարգավորման գործընթացներում եւ համանման աջակցություն է ակնկալում հունական կողմից ԼՂ հարցում:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով ՝ Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների ձեւաչափում եւ հաստատակամ է Եվրոպական միության հետ հարաբերությունները շարունակաբար խորացնելու եւ ընդլայնելու հարցում:
Գալուստ Սահակյանը մտահոգություն է հայտնել Միջին Արեւելքում, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում, տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք վտանգում են արեւելյան քրիստոնեական քաղաքակրթությունը: Նա փաստել է, որ հայ եւ հույն ժողովուրդները չեն կարող հանգիստ ապրել, երբ տառապում են իրենց հայրենակիցները, որոնք դարձել են ծայրահեղականների եւ նրանց սատարող որոշ պետությունների զոհ: Հունաստանը եւ Հայաստանը պետք է միասնական ջանքեր ձեռնարկեն Միջին Արեւելքում ապրող քրիստոնյաներին օգնելու ուղղությամբ:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են այն լուծել խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ընդունելի ձեւաչափն է: Ադրբեջանի կողմից սանձազերծված ու տարեցտարի ավելի ուժգնացող սպառազինությունների կուտակումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հարավային Կովկասի, այլեւ ողջ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այդ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում, եւ միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին՝ Գալուստ Սահակյանը երախտագիտությամբ շեշտել է, որ Հունաստանի խորհրդարանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շնորհակալություն է հայտնել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին կազմակերպվելիք միջոցառումներին Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը կլինի հույն ժողովրդի՝ համամարդկային արժեքներին անմնացորդ նվիրվածության ամենախոսուն վկայությունը:
Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, խոսել է հույն եւ հայ ժողովուրդների բազմադարյան բարեկամության մասին: Նա նշել է, որ դարերի ընթացքում երկու ժողովուրդները զորակցել ու սատարել են միմյանց՝ պայքարելով ընդհանուր թշնամիների դեմ: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Հունաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ Հունաստանի դիրքորոշումը հստակ է այդ հարցում, իսկ տիկին Դորա Բակոյանիսը շեղվել է պետության պաշտոնական դիրքորոշումից, եւ այդ մոտեցումը կդատապարտվի հունական կառավարության կողմից: Հունաստանի նախագահը նշել է, որ ինչպես հայերը, այնպես էլ հույները ցանկանում են քաղաքակիրթ հարաբերություններ պահպանել հարեւան երկրների հետ, որը ոչ միշտ է հաջողվում:
Կարոլոս Պապուլիասը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու պետությունների համագործակցության խորացման գործում: Նա օրինակելի է համարել երկու պետությունների ռազմական համագործակցությունը եւ նշել, որ շատ անելիք կա առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Հունաստանի նախագահի կարծիքով՝ իր այցը նունպես կնպաստի Հունաստանի եւ Հայաստանի բարեկամության եւ համագործակցության սերտացմանը: