20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարազատ ընկերոջ 16 տարով փոքր դստեր հանդեպ Վարդանի սերն ավարտվեց դաժան սպանությամբ. Ժամանակ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ընթանում է Աքսել Ներսիսյանի գործի դատական քննությունը: Գործին անդրադարձել է “Ժամանակ”-ը:

38-ամյա Աքսել Ներսիսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար, ինչի հետեւանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 8-ին, ժամը 20-ն անց 30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի դիմաց “անձնական փոխհարաբերությունների պարզաբանման շուրջ Աքսել Ներսիսյանը վիճաբանել է Վարդան Մանուկյանի հետ, վիճաբանության ընթացքում իր հետ նախապես վերցրած դանակով երկու հարված է հասցրել Մանուկյանին”՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս: Ստացած վնասվածքներից Վարդան Մանուկյանը հաջորդ օրը՝ փետրվարի 9-ին մահացել է:

Դատարանում հարցաքննվեց դատակոչված վերջին վկան՝ Գ. Ս.-ն: Աղջիկն այս գործում առանցքային դեր ունի. տուժող Վարդանը սիրահարված է եղել նրան, ըստ աղջկա դատաքննական ցուցմունքի՝ տղամարդն անհույս ու անպատասխան է սիրահարված եղել, ու դեպքի օրվա նրա վարքագիծն ու ծավալվող իրադարձությունները այս անպատասխան զգացմունքի հետ առնչություն ունեն:

Վկա Գ.-ն հայտնեց, որ ամբաստանյալին եւ տուժողին ճանաչել է վաղուց, նրանք իր հայրիկի ընկերներն են եղել: Ինքն ավելի մտերիմ է եղել ամբաստանյալ Աքսելի հետ, նրան որպես իր մեծ եղբոր է հարգել, նրա քրոջ հետ աշխատել է թատրոնում:

Ի սկզբանե չի իմացել, որ հոր ընկեր Վարդանն իր հանդեպ զգացմունք է ունեցել:

2014 թվականի հունվարին, երբ ընտանիքով հյուր են գնացել հոր ընկեր Գոքորի տուն, տուժողն էլ է այնտեղ եղել եւ ասել է, որ հավանում է աղջկան, ուզում է ամուսնանալ նրա հետ:

Աղջիկը պատասխանել է, թե իրենից 16 տարով մեծ տղամարդու հետ չի պատրաստվում ամուսնանալ, 16 տարին մի ամբողջ կյանք է, բացի այդ, 21-ամյա աղջիկը համարել է, որ իր համար շատ վաղ է ամուսնանալը, նա ասել է. “Ես դեռ փոքր եմ ամուսնանալու համար”:

Տուժողի իրավահաջորդը՝ Վարդան Մանուկյանի եղբայրը հարցի միջոցով իր կարծիքը հայտնեց, թե Վարդանը 2013 թվականի մայիսից էլ առաջ ասել է իր զգացմունքի մասին, խոսել է աղջկա հոր հետ եւ միշտ հավատարիմ է մնացել իր զգացմունքին:

Աղջիկը պնդեց, թե իրեն միայն հունվարին է հայտնի դարձել Վարդանի սերը, չնայած ինքը զգացել է, որ նա մի տեսակ տարօրինակ է նայում իրեն, դրա պատճառով էլ հիմնականում աշխատել է Վարդանի աչքին չերեւալ…

Վկան հիշեց, որ երբ Գոքորենց տանը Վարդանը բարձրաձայնել է իր սիրո մասին, եւ ինքը մերժել է, Գոքորն ասել է՝ կփախցնենք, իսկ Վարդանն ասել է. “Ինքն էդ աղջիկը չի, որ փախցնենք”: Աղջկա կարծիքով՝ Գոքորը երեւի կատակով է ասել փախցնելու մասին: Այդ խոսակցության ժամանակ իրենցից բացի էլի մարդիկ կային, նաեւ՝ աղջկա ծնողները:

Հունվարյան անպտուղ խոստովանությունից հետո, ըստ վկայի, ինքը Վարդանին տեսել է մեկ ամիս անց՝ փետրվարի 8-ին՝ դեպքի օրը:

“Ինքը եկավ մեր տուն… երեւի խմած էր… նստեց համակարգչի մոտ, ասեց, թե լավ դիսկ է բերել, միացրեց բարձր երաժշտություն…”:

Աղջկա ցուցմունքով՝ ինքը գնացել է հարեւանությամբ ապրող ընկերուհու տուն, հետ է եկել, մուտքի մոտ հանդիպել է Աքսելին ու նրա հետ բարձրացել է իրենց տուն: Աղջիկն անընդհատ կրկնում էր, թե Վարդանն այդ օրն իրեն ագրեսիվ է պահել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հարցին աղջիկը պատասխանեց, թե “ագրեսիվ” ասելով՝ նկատի ունի, որ նա բարձր էր խոսում, վիճում էր, գոռգոռում, բարձր երաժշտություն էր միացնում, չնայած բոլորը, այդ թվում աղջկա հայրը նրան հորդորում էին, որ երաժշտության ձայնն իջեցնի:

Աղջկա ցուցմունքից այնքան էլ պարզ չէր՝ այդ երեկոյի ընթացքում քանի անգամ է դուրսուներս արել Վարդանը, ում բոլորը համոզել են, որ տուն գնա:

Հերթական անգամ Վարդանը ներս է մտել, երբ աղջկա ընտանիքի կանայք հաց էին ուտում: Աղջկա տատիկն ու մայրը ոչինչ չեն ասել, բայց աղջիկը պահանջել է, որ Վարդանը հեռանա՝ պատճառաբանելով, թե հայրը տանը չէ:

Վարդանը սկսել է խոսել, ասել է, որ եթե ինքը հարուստ լիներ, աղջիկը երեւի կամուսնանար իր հետ,ասել է, որ եթե աղջիկն ամուսնանա ուրիշի հետ-բաժանվի, ինքը միեւնույնն է՝ կամուսնանա նրա հետ ու՝ էլի նման բաներ:

Գործում վկայություն կա, որ Վարդանն այդ երեկո նույնիսկ… լաց է եղել:

Աղջիկն ասաց, որ լաց լինելը չի տեսել, բայց Վարդանը շատ տխուր էր:

«Տխուրն» ու «ագրեսիվը» հակառակ հոգեվիճակներ են, բայց աղջիկը պնդեց իր ընկալումը, ասաց, թե Վարդանին բացատրել է, որ ինքը նրա հետ չի ուզում ամուսնանալ տարիքային մեծ տարբերության եւ իր՝ դեռ փոքր լինելու պատճառով:

Մինչ աղջիկն ու Վարդանը խոսել են, տուն են մտել աղջկա հայրն ու Աքսելը:

Ըստ աղջկա՝ նրանք էլ են պահանջել, որ Վարդանը տուն գնա: Բայց Վարդանը «շատ ագրեսիվ է իրեն պահել, չի հայհոյել, բայց գոռգոռացել է, ասել է՝ դուրս չեմ գա, պիտի նստեմ ստեղ ու մնամ: Նա, աղջկա լսելով՝ հորն ասել է՝ քեզ կխեղդեմ, բայց երբ աղմուկի վրա սենյակ են մտել աղջիկը եւ մյուս տնեցիները, Վարդանը գրկել է աղջկա հորն ու ասել, որ նա իր ամենալավ ընկերն է. «Դու իմ ախպերն ես»:

Ի վերջո, աղջկա խոսքերով, իր հայրն ու Աքսելը “մի կերպ”, հրելով Վարդանին դուրս են բերել տնից: Հայրը մի հինգ րոպե հետո տուն է վերադարձել, ասել է, թե Աքսելը կճանապարհի Վարդանին ու կգա: Աքսելը եկել է մոտ քսան րոպե անց:

Արտաքուստ աղջիկը ոչ մի արտառոց բան չի նկատել Աքսելի պավածքում: Միայն նկատել է, որ նրա վերարկուն թիկունքի մասում փոշոտված է:

Աքսելն ասել է, թե մուտքի պատերին է քսվել, բայց աղջիկը վերարկուին կպած տերեւներ է տեսել ու հասկացել է, որ Աքսելը երեւի կռվել է, սակայն ոչ մի հարց նրան չի տվել, ոչինչ չի պարզաբանել:

Հեռուստացույց են դիտել, հայրն ու Աքսելը պատշգամբում նստած խոսել են: Աղջիկը գնացել է քնելու:

Առավոտյան արթնացել, տեսել է, որ Աքսելն իրենց տանն է: Զարմացել է. “Ինքը մեր տանը չէր մնում”:

Դրա փոխարեն աղջիկն ասաց, որ տուժող Վարդանն այնքան մտերիմ է եղել իր հոր հետ, որ հաճախ մնացել է իրենց տանը, իր հայրն էլ պատահել է՝ գիշերել է Վարդանենց տանը…

Մինչ աղջիկը զարմացել է, որ Աքսելը գիշերել է իրենց տանը, նրանց դուռը թակել են ոստիկանները եւ բոլորին տարել են ոստիկանություն:

Միայն այնտեղ է աղջիկն իմացել, որ շենքի բակում կռիվ է եղել, ծեծկռտուք, շենքի ժողովուրդն անհանգստացել է:

Ըստ աղջկա՝ ինքը քննիչից է իմացել, որ դանակահարություն է եղել, ու Վարդանը մահացել է: Դանակահարողն էլ Աքսելն է եղել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ