Ընդմիջմանը կգաք, ինձ խորհուրդներ կտաք. Շարմազանովը` Փոստանջյանին
‘’Տիկին Փոսստանջյան, ես դեմ չեմ, որ Աժ նախագահը, փոխնագահներն անկախ կուսակցական պատկանելությունից պետք է պատժվեն, պարզապես մի խնդրանք՝ Ձեր կարծիքը մի ամրագրեք` որպես կանոնակարգ օրենքի խախտում: Մենք պետք է պաքարենք կարգազանց պատգամավորների դեմ’’,-այսօր Ազգային ժողովում արձագանքելով ‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին` ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ‘’Ժառանգության’’ հեղինակած նախագիծը` փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում, ըստ որի կարգազանց պատգամավգորները պետք է պատժվեն: Պատժամիջոցներ պետք է կիրառվեն նաև նիստը վարողների նկատմամբ: Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ փոխնախագահին ասաց, որ ամենաշատը նա է խոսափող անջատելու հրահանգ տվել:
Ապա Փոստանջյանին հարցով դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը , ով հիշեցրեց, որ ժամանակին ընդդիմադիր պատգամավորն էր այս դահլիճում պատգամավորների գրանցման քարտերը հավաքել: ‘’Դա հիմա կարգազանցությո՞ւն է, թե՞ քրեական հանցանք’’,-հարցրեց նա: Երբ Փոստանջյանը չպատասխանեց, նույն հարցը հնչեցրեց նաև Շարմազանովը. ‘’Պատգամավորների բնականոն աշխատանքին խոչընդոտելը, քարտեր գողանալը կարգազանցություն է, թե հանցագործություն է’’: Փոստանջյանը պատասխանեց. ‘’Եթե լիներ քրեորեն հետապնդելի արարք, ապա ընդմիջման ժամանակ Հովիկ Աբրահամյանը իրավաբաններին չէր զանգի և փորձեր խորհուրդ ստանալ՝ քրեորեն հետապնդելի արարք է, թե ոչ: Ես գիտեմ, որ նա անգամ պնդել է, որ գան ու խուզարկեն ինձ, եթե դա քրեորեն հետապնդելի արարք լիներ, ապա դուք ձեր բոլոր լծակները կոօգտագործեիք, որ այդ քարտերը ձեռքիցս տանեիք: Այնպես որ եթե հանցակազմ լիներ, Գլխավոր դատախազը ինքը գործին ընթացք կտար’’,-ասաց Փոստանջյանը: ‘’Փաստորեն եղել է կարգազանցություն’’,-նկատեց Շարմազանովը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը պնդեց, որ դա հանցագործություն է, և կապ չունի` ով ում է զանգահարել: Փոստանջյանը խորհուրդ տվեցդ ՀՀԿ պատգամավորին դիմել իրավապահ մարմիններին, եթե նման համոզմունք ունի: ‘’Շնորհակալ եմ ձեր խորհուրդների համար, խորհուրդներ դուք ձեր տանը տվեք’’,-ասաց Ս. Ավետիսյանը: Ապա Փոստանջյանը կրկին դիմեց ԱԺ փոխնախագահին` ասելով, թե նա հիմա էլ է իրեն խանգարում:
‘’Պարոն Շարմազանով, դուք հիմա որ նիստը վարում եք , պարբերաբար խախտում եք կանոնակարգ օրենքը’’,-ասաց նա, իսկ Շարմազանովն էլ հորդորեց հարցերին պատասխանել, իսկ եթե շատ հետաքրքիր է իր տեսակետը, արտահերթ ելույթով հանդես կգա ու կներկայացնի: ‘’Ես գնահատում եմ ձեր գիտելիքները, խնդրում եմ` խորհրդակցական ձայնի համար ընդմիջմանը կգաք, ինձ խորհուրդներ կտաք’’:
‘’Ես անջատել եմ ձեր խոսափողը ոչ թե կոռեկտությունը սաստելու, այլ որովհետև ձեր հարցը օրակարգի հետ կապ չուներ’’,-եզրափակեց Շարմազանովը: