“Անդամակցելով ԵՏՄ-ին` մենք հասնում ենք Հայաստանի անկախության հոգեվարքին”
Եվրոպական ընտրություն հակասարակական նախաձեռնության անդամ Վահրամ Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ զարմանք է հայտնել, որ հայ հասարակությունն այսքան հանգիստ է հետեւում կործանվող տնտեսությամբ գերտերության ենթակա դառնալու գործընթացին:
“Անդամակցելով ԵՏՄ-ին, որն ինքնին կործանարար կառույց է, մենք հասնում ենք Հայաստանի անկախության հոգեվարքին: Մեր աչքի առաջ ռուբլին օրեցօր անկում է ապրում, նավթը, որը վերջին երկու տասնամյակում եղել է ռուսական տնտեսության փրկիչը, ևս անկում է ապրում: Այս վիճակում դեպի Ռուսաստան գանլը Հայաստանի համար ուղղակի կործանարար է”,- ասել է նա` նշելով, որ ԵՏՄ անդամակցելուց առաջ հայ հանրությունը պետք է պայքարի հանրաքվեի անցկացման համար:
“Մենք պետք է ինքներս որոշենք մեր բախտը՝ թեկուզ դժվար ճանապարհով: Հայ հասարակությունը չի կարող եւ չպետք է վստահի մի իշխանության, որը բազմաթիվ աղմկահարույց պատմությունների մեջ խառնված Սուրիկ Խաչատրյանին վերանշանակում է Սյունիքի մարզպետի պաշտոնում՝ այսպիսով բարոյական ապտակ հասցնելով և թքած ունենալով հասարակական կարծիքի վրա”,- ասել է բանախոսը:
Ասուլիսին ներկա Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշել է, որ ՀՀ իշխանությունները նման են Անաստաս Միկոյանին, ում մասին անեկդոտում ասվում է ՝ այնպես է քայլում անձրեւի կաթիլների տակով, որ զարմանալիորեն չի թրջվում:
“Մինչև 2012թ-ի կեսերը մեր բոլոր առաջատար քաղաքական ուժերը հայտարարում էին, որ Եվրաինտեգրացիային այլընտրանք չկա Հայաստանում: Հիմա հակառակն են ասում: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում կայուն բան չկա: Իհարկե, մենք այլեւս չենք կարող ներգործել որոշումների վրա, քանի որ Հայաստանն արդեն իսկ “այո” է ասել ԵՏՄ անդամակցությանը: Եթե հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությանն “այո” ասեն նաև ԵՏՄ մյուս 3 անդամները՝ ՌԴ-ն, Ղազախստանն ու Բելառուսն, ամեն բան դրանով էլ կավարտվի՝ չնայած, որ ոչինչ անդառնալի չէ”,- ասել է նա: